Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորը կմեկնի առաջնագիծ միայն այն դեպքում, երբ կամավորականների մոբիլիզացիայի հրաման կամ կոչ արվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ազատամարտիկ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե ինչու գումարտակի ազատամարտիկներն այս օրերին առաջնագծում չէին:

«Մենք 1991-92թթ-ում չենք ապրում, որ ամեն մարդ իր ջոկատը վերցնի, գնա: Մենք քաջ գիտակցում ենք, որ ունենք կանոնավոր բանակ, եւ այսօր պետք է լսել կանոնավոր բանակի հրամանները: Մենք տակավին չենք ստացել հրաման կամ կոչեր, ոչ ոք թող չկասկածի, երբ լինի, մենք բոլորս կգնանք ռազմաճակատ: Սա խաղուպար չէ, պատերազմ է, մենք պիտի վարվենք խոհեմ, ավելորդ ջղաձգումներից ու զոհերից խուսափելու համար»,-ասել է Սեֆիլյանը:

Նա հայտնել է, որ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորման վարչության մի քանի անդամներ նախորդ տարվա օգոստոսյան դեպքերի նման, այս օրերին եւս եղել են ռազմաճակատում՝ ուսումնասիրել թերությունները, եւ նույնիսկ փորձ է արվել հանդիպում կազմակերպել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ՝ առաջարկություններով հանդես գալու նպատակով: 

«Սեյրան Օհանյանին միջնորդի միջոցով տեղեկացրի, որ առաջարկություններ եւ մտահոգություններ ունենք իրավիճակի հետ կապված, սակայն մինչ այժմ ժամանակ չի գտել, որ հանդիպենք»,-ասել է գումարտակի հրամանատարը:

Սեֆիլյանը վստահեցրեց, որ նախորդ տարի սերտ համագործակցել են Սեյրան Օհանյանի հետ, համագործակցությունը, նա խոսքով, արգելվել է այն պահից, երբ իշխանությունները տեղեկացել են այդ մասին: