Կարեւորագույն խնդիրները լուծում պետք է ստանան որակյալ կրթության միջոցով: Այս մասին, ԵՏՄ անդամ պետությունների կրթության եւ գիտության նախարարների հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Մոսկվայում կազմակերպված Մոսկովյան միջազգային կրթական ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են տարբեր երկրների առաջատար կրթական հաստատություններ եւ հայտնի միջազգային ընկերություններ: Պատվիրակության կազմում են ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եւ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը մասնակցել է նաեւ ԵՏՄ անդամ պետությունների կրթության եւ գիտության նախարարների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով եւ  մասնավորապես նշել. «Կրթության ոլորտի միջպետական համագործակցությունը դիտարկվում է որպես արդյունավետ ձեւաչափ՝ ազգային բարձրագույն կրթական  համակարգերի  մրցունակությունը բարձրացնելու եւ միջազգային կրթական համակարգում ներգրավելու տեսանկյունից: Հիմնավորումը շատ պարզ է՝ կրթության համակարգը զերծ է քաղաքական տարաձայնություններից, բայց միաժամանակ քաղաքական եւ տնտեսական հակասությունների կարգավորման համար լավագույն պայմաններ է փորձում ապահովել»:

Նախարար Լեւոն Մկրտչյանի ընդգծմամբ՝ ԵՏՄ շրջանակում միջպետական կրթական պայմանագրերը կարեւոր են կրթության որակի բարձրացման եւ արհեստավարժ կադրերի պատրաստման առումով: «Մենք համոզված ենք, որ մի շարք կարեւորագույն խնդիրներ ինչպես այսօր, այնպես էլ ապագայում լուծում պետք է ստանան որակյալ կրթության ապահովման միջոցով»,- շեշտել է Լ. Մկրտչյանը եւ հավելել, որ ազգային կրթական համակարգերի հիմքում պետք է ընկած լինեն նույն արժեքները՝  ընդգծելով, որ  Հայաստանը կրթության համագործակցության ոլորտում կարեւորում է ընդհանուր քաղաքակրթական միջավայրի ձեւավորումը: