2015 թվականի նոյեմբերի 10-ին Երեւան քաղաքի Մ. Խորենացու փողոցի շենքերից մեկի բնակարանից գողություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Բեսսարիոն Լ.-ն եւ Շոթա Մ.-ն: Վերջինիս մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է  «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Շոթա Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Բեսսարիոն Լ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քրեական դատավարության մասնակից Շոթա Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ  2015թ. նոյեմբերի 10-ին Դիլիջան քաղաքում իրենց ավտոմեքենան կանգնեցրած ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթաներ են հագցրել, որի ընթացքում նրանցից մեկն իր գրպանը կապոց է դրել: Այնուհետեւ ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ իր մոտից հայտնաբերվել է նշված կապոցը ու պարզվել է, որ դրա պարունակությունը հանդիսանում է  «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց:

Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: