Մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենը,  35 տարեկան է։

Մետրոյի բացման արարողությունը տեղի է ունեցել 1981 թվականի մարտի 7-ին։ Հանդիսավոր այդ օրը շահագործման է հանձնվել 5 կայարան` «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Սասունցի Դավիթ», իսկ հետագայում արդեն` 1983 թվականին «Գործարանային», 1984 թվականին` «Շենգավիթ», 1986 թվականին` «Գարեգին Նժդեհի հրապարակ», 1989 թվականին` «Զորավար Անդրանիկ» եւ 1997 թվականին` «Չարբախ» կայարանները։

Երեւանի մետրոպոլիտենում այսօր շահագործվում է 10 կայարան, գծի երկարությունը 12.1 կմ է, առկա է 45 վագոն։ Կապույտ արագասլացների անխափան երթը եւ, որ ամենակարեւորն է, բնակիչների համար անվտանգ ու հարմարավետ երթեւեկություն ապահովելու նպատակով վերջին տարիներին ներդրումային ծրագրերի շրջանակում Երեւանի մետրոպոլիտենում զգալի աշխատանքներ են իրականացվել: Ներդրումային այդ ծրագրերի մեկնարկը տրվել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաեւ Եվրամիության հարեւանության աջակցության ծրագրի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ստորագրված համաձայնագրով։

Մետրոպոլիտենի վերականգնման ծրագիրը լինելու է շարունակական եւ ներառելու է զարգացման մի շարք ուղղություններ,  ինչն էլ հնարավորություն կտա առաջիկա տարիներին 35-ամյա կառույցը տեսնել նորացված: