Ռուսաստանն ուզում է լիարժեք աշխատել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ: Այս մասին «ուղիղ կապի» ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված  է Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծման մեջ: Նա նաեւ նշել է, որ այս հարցում պետք է փոխզիջում գտնել:

«Մի քանի տարի առաջ ինձ թվում էր, որ մենք մոտ ենք այդ փոխզիջմանը, սակայն պարզվեց՝ այդպես չէ»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանն անում է ամեն բան այդ հակամարտության լուծման եւ երկու կողմի համար էլ ընդունելի տարբերակ գտնելու համար:

Նա նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է փոխզիջում գտնել, ընդ որում, բացառապես քաղաքական ճանապարհով:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է հարցի լուծմամբ, քանի որ բարեկամական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, եւ իր ավանդն է ներդնելու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեջ, սակայն վերջնական լուծումը 2 կողմերին է մնում: