ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սմբատ Կ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սմբատ Կ.-ն հաղորդում, այնուհետեւ բացատրություն է տվել այն մասին, որ 2016 թվականի մարտի 24-ին անձնական խուզարկությամբ իր մոտ հայտնաբերված «լիրիկա» տեսակի դեղահաբերն իրեն է վաճառել հիշյալ քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի աշխատակիցը:

Հետագայում Սմբատ Կ.-ն, ծանոթանալով իր անունից տրված բացատրության եւ հաղորդման բովանդակությանը, հաղորդում է տվել այն մասին, որ ինքն իրականում նման հաղորդում եւ բացատրություն չի տվել, իր անունից կազմված արձանագրությունը կեղծ է, իսկ փաստաթղթերի տակ դրված ստորագրություններն ու ձեռագիր գրառումներն իրեն չեն պատկանում:

Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերեւույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: