ՀՀ Արդարադատության նախարարին եւ ՀՀ Դատարանների նախագահների խորհրդին «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն դիմում է ներկայացրել՝  դատավոր Սիմիզար Հովսեփյանի նկատմամբ կարգապահական  վարույթ հարուցելու մասին:

Այս առնչությամբ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Ավելի վաղ նշել ենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ մերժեց վարույթ ընդունել Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ շահառուներ` Երեւանի մետրոպոլիտենի նախկին երեք աշխատողների գործով նրանց ներկայացուցիչ Քրիստինա Գեւորկյանի վճռաբեկ բողոքը եւ 16.12.2015թ. վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

04.03.2016թ. փաստաբանը դիմել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան դատավոր Սիմիզար Հովսեփյանին՝ դատական ակտը ուժի մեջ մտնելու նշում կատարելու եւ կատարողական թերթերի տրամադրման համար:

1. ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն.

«1. Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա:

2. Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ..:»

Մեկ ամսից ավելի է դատավոր Սիմիզար Հովսեփյանը չի շտապում տրամադրել ուժի մեջ մտած վճիռները եւ կատարողական թերթերը: Նշված ժամանակահատվածից սկսած փաստաբանը ունեցել է բազմաթիվ հեռախոսազրույցներ դատավոր Հովսեփյանի օգնականի եւ գործավարի հետ, սակայն ոչ մեկը, ոչ մյուսը չեն կարողացել բացատրել թե ինչումն է խնդիրը, ինչու մինչ օրս մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներին չեն տրամադրվում նշված փաստաթղթերը: Նախավերջին հեռախոսազրույցի ժամանակ՝ մոտ երկու շաբաթ առաջ օգնականը ներողամտություն հայցեց եւ հաղորդեց, որ դատավորը խնդիր ունի վճիռը «հասկանալու» հետ, սակայն մեզ անպայման կտրվեն նշված փաստաթղթերը: Վճիռը «հասկանալու» համար առաջարկվել է նաեւ խորհրդակցել Վերքաննիչ դատարանի որոշում կայացնող դատավորների հետ (Ա.Խառատյան, Կ.Հակոբյան, Տ.Նազարյան): Իսկ արդեն վերջին հեռախոսազրույցի ժամանակ՝ անցյալ շաբաթ, օգնականը փաստաբանին առաջարկեց իր դժգոհությունները փաստաթղթերը չտրամադրելու մասին հայտնել հենց դատավոր Ս.Հովսեփյանին` այցելելով դատարան եւ դատավորի հետ առանձնազրույց ունենալ դատական նիստերի դահլիճում:

Դատավորի օգնականը նաեւ չի նշել, որ գործը վերադաս դատարանից չի փոխանցվել, ինչը հերքվում է նաեւ այն փաստով, որ նրանք խոստացել են տրամադրել կատարողական թերթերը եւ վճիռը այն ժամանակ, երբ գործը կփոխանցվի:

Փաստաբանի մոտ առաջանում է տրամաբանական հարց՝ ինչ˚ու կամ ինչ˚ի մասին պետք է խոսի դատավորի հետ եւ ինչ˚ու պետք է սպասի մեկ ամսից ավելի այն պատճառով, որ դատարանը պատշաճ չի կատարում իր պարտականությունները:

Իսկ գուցե դատական ակտն է այնքան խրթին եւ հակասական գրված, որ անգամ դատարանը չի կարողանում այն հասկանալ եւ կատարողական թերթ ձեւակերպել: Փաստաբանը իր բողոքներում բազմիցս ներկայացրել է այն իրավական եւ ձեւակերպման խնդիրները, որոնք առկա են սույն գործով տարբեր ատյանի դատարանների կայացրած դատական ակտերում, սակայն դրանք անհետեւանք են մնացել եւ անգամ Վճռաբեկ դատարանի ուշադրությանը չեն արժանացել:

Այժմ դատարանն ինքը «գլուխ չի հանում» կայացված դատական ակտից, որպեսզի կարողանա կատարողական թերթ տրամադրել:

Քրիստինա Գեւորկյանը ՀՀ Արդարադատության նախարարից եւ ՀՀ Դատարանների նախագահների խորհրդից պահանջում է դատավոր Սիմիզար Հովսեփյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ եւ պատասխանատվության ենթարկել իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար եւ մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների իրավունքների վերականգնում` վճռի կատարումը գործող օրենսդրության շրջանակներում առավելագույն սեղմ ժամկետում ապահովելու համար» :