ՀՀ Վարչական դատարանը կասեցրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ ոստիկանության հայցի վարույթը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց վերլուծաբանի փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

Փաստաբանը մանրամասնեց, որ հայցի վարույթը կասեցվել է այն պտճառով, որ ՀՀ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել դիմումը, որով վիճարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 182-րդ հոդվածի սահմանդրականությունը՝ հավելելով, որ այս հոդվածով էլ մեղադրանք է առաջադրվել իր պաշտպանյալին:

«Վարչական դատարանը կասեցրել է վարույթը, մինչեւ որ սահմանադրական դատարանը վերջնական որոշում կայացնի: Եթե նույնիկս այդ հոդվածը հակասահմանադրական չճանաչվի, ապա ՍԴ-ն իր մեկնաբանությունը կներկայացնի այդ հոդվածի սխալ եւ ճիշտ կիրառության վերաբերյալ, ինչը, իհարկե շատ կարեւոր հանգամանք է»,-նշեց Արամազդ Կիվիրյանը:

Փաստաբանի խոսքով՝ դատարան է ներկայացվել մի գրություն, որով ՀՀ Գլխավոր դատախազությունից հաստատում են, որ շենքը երկու մուտք ունի, ինչը, ըստ նրա, փաստում է, որ ոստիկանության այն փաստարկումը, թե 2015թ.հունվարի 15-ին Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ օրենսդրությամբ դատելու պահանջով ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիայի մասնակիցները արգելափակել են դատախազության շենքի մուտքը, անհիմն է:

«Մենք փաստարկում էինք, որ ոստիկանությունը պարտավոր է ապացուցել, որ ակցիայի մասնակիցները մուտքը փակելու դիտավորություն են ունեցել, սակայն այդպես էլ որեւէ ապացույց չներկայացվեց: Իսկ գրությունը ներկայացրել ենք, որ փաստվի՝ շենքը երկու մուտք ունի, եւ եթե պատկերացնենք, որ բողոքի ակցիան կարող էր ինչ-որ կերպ խաթարել կամ խաթարել է մուտքի անցուդարձը, ապա քաղաքացիները կարող էին մյուս մուտքով բարձրանալ շենք: Ստացվում է, որ ոստիկանության հայցը անհիմն է»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:

Նշենք, որ 2015թ.հունվարի 15-ին Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ օրենսդրությամբ դատելու պահանջով ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիայի էր անցկացվում։ ՌԴ դեսպանատնից ակտիվիստները երթով շարժվել էին դեպի Գլխավոր դատախազություն, որտեղ որոշել էին միանալ Գյումրիում ժամը 17:00-ին սկսվող բողոքի ակցիայի մասնակիցներին եւ դատախազության շենքի մոտ հնչեցնել նույն կոչերը, ինչ որ կհնչեն Գյումրիում:

Արգիշտի Կիվիրյանը ձերբակալվել էր ոստիկանության օրինական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ։ Ոստիկանությունը պահանջում է, որպեսզի նա ենթարկվի վարչական պատասխանատվության: