Գյումրիի Մուշ 2 թաղամասում ազգությամբ քուրդ խորթ հորը սպանելու մեջ մեղադրվող 23-ամյա Մաքսիմ Բաքոյանի համար պետական մեղադրողը պահանջել է 10 տարվա ազատազրկում` նշելով, որ ամբաստանյալը գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ եւ այդպիսով վրեժխնդիր է եղել:

Ամբաստանյալի փաստաբան Մամիկոն Մուրադյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն չէ պետական մեղադրողի պահանջած պատժի հետ` նշելով, որ իր պաշտպանյալը խմիչքի ազդեցության տակ չի եղել:

«Մեղադրանքի ձեւակերպումը սխալ է,  ես հերքում եմ, որ Մաքսիմը եղել է  ոգելից խմիչքի ազդեցության տակ»-ասաց փաստաբան Մամիկոն Մուրադյանը: 

Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, 2013թ. Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջեւ հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին:

2014թ. մարտին Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի եւ իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա 2 զավակների հետ ապրում էր Գյումրիում: Մարտի 15-ին նա դանակահարելով սպանել էր խորթ հորը։ Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: Մաքսիմը, ըստ մորաքրոջ, խորթ հոր խոսքերից ենթադրել էր, որ նրա պատվերով է եղբայրը սպանել իր մորը եւ որոշել է վրեժ լուծել:

Մաքսիմ Բաքոյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Բաքոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։