Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող՝ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: Այս մասին այսօր` ապրիլի 14-ին, նա ասաց Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց գործով կարեւոր վկաներից  Աննա Միսակյանը, որը սպանության օրը եղել է ամբաստանյալի հետ: Դատարանում նա  հաստատեց նախաքննական փուլում ներկայացրած իր ցուցմունքները, նշելով, որ ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի հետ ծանոթացել է 5-6 տարի առաջ` մշակութային կենտրոնում, որտեղ միասին սովորել են: Նրա խոսքով` սովորելու տարիներին իրենց հարաբերությունները նորմալ են եղել: Աննա Միսակյանը պնդեց, որ իր նախաքննական ցուցմունքները ճիշտ են:

«2015թ օգոստոսի 4-ին Մուշեղը զանգեց ինձ, ասաց, որ իջնեմ: Հանդիպեցինք Մայիսի 9 փողոցի սկզբնամասում, նա ասաց` մտադիր է ազատվել իր սիրուհիներից մեկից` սպանելով: Նրա ձեռքին տոպրակ կար, որի մեջ դանակ էր եւ գրտնակ: Ինձ ասաց, որ գնամ տնից հացի դանակ վերցնեմ, ասաց ես էլ պետք է իր հետ գնամ: Ես ասացի, որ չի կարող նման բան լինել, իսկ նա սպառնաց, ասաց, որ եթե իր ասածով չանեմ, նա այդ իրերով կգա մեր տուն: Մենք քայլեցինք դեպի մեր բակ, ես վերցրի հացի դանակն ու իջա նրա մոտ»,- ասաց Աննա Միսակյանը:

Վկայի խոսքով` դրանից հետո ինքն ու Մուշեղ Մխիթարյանը քայլել են դեպի Ծերեթելի փողոց, նստել ավտոբուս եւ գնացել Անի Մաջնունյանի բնակարան, ճանապարհին մտել դեղատուն եւ երկու զույգ ձեռնոց գնել:

«Հասանք Անի Մաջնունյանի շենքի մոտ, Մուշեղը պահանջեց, որ միասին բարձրանանք, բայց ես չբարձրացա: Նա ասաց` դե դու դրսում սպասիր: ՄԻնչ այդ դանակներով ու գրտնակով տոպրակը իմ պայուսակի մեջ էր»,- նշեց Աննա Միսակյանը:

Նրա խոսքով` 23.00-ից մինչեւ գիշերվա 2-3-ը նա դրսում սպասել է, ապա քանի որ ցուրտ էր` Մուշեղը զանգել եւ ասել է, որ բարձրանա վերեւ, որպեսզի միասին դուրս գան:

«Բարձրացա շենքի վերջին հարկը, Մուշեղը բացեց դուռը, դուրս եկավ ու ինձ քաշելով ներս մտցրեց: Ասաց` արել եմ: Մի քայլ անելով` ես ձայն լսեցի, գլուխս թեքեցի ձայների ուղղությամբ: Այդտեղ գետնին ընկած-նստած, գլուխը հետ գցած Անին էր ու արնաքամ էր լինում, ու ձայներ էր հանում, կարծես վերջին շունչը լիներ: Մուշեղը գնաց դեպի Անիի կողմ, քանի որ դուռը բաց էր մնացել, ես արագ դուրս նետվեցի: Բայց նա փողոցում հասավ իմ հետեւից, ու ասաց` բերանդ փակ կպահես, թե չէ նույն բանը կարող է քեզ հետ լինել»,- ասաց Աննա Միսակյանը:

Նրա խոսքով` դրանից հետո Մուշեղը վերցրել է իր շալը, կապել իր շապիկին, քանի որ դրա վրա արյան հետքեր կային, ապա նստել են տաքսի եւ գնացել 9-րդ Մասիվ, որտեղ բնակվում էր Մուշեղը:

«Հասանք բնակարան, նա փոխվեց, իր հագի հագուստն ու իմ շալը լցրեց իմ պայուսակի մեջ: Գրպանից հանեց ձեռնոցն ու դանակի կոթը, այրեց, ու մոխիրը դրեց իմ պայուսակի մեջ: Հետո կանչեց հարեւանին` Բադոյին, եւ մի պատմություն հնարեց, իբր իրենց միջանցքում երկու հոգի ահաբեկել են, աել են, որ խելոք պահի, թե չէ կվնասեն իր սիրած աղջկան` Լիլիթին: ՈՒ քանի որ շատ հոգնած էր, քնեց բազմոցին»,- ասաց Աննա Միսակյանը:

Նրա խոսքով` մոտ կես ժամ անց արթնանալուց հետո Մուշեղը մտել է իր ֆեյսբուքյան էջ եւ նամակ ուղարկել Անի Մաջնունյանին.

«Չեմ հիշում լավ, բայց կարծեմ գրված էր` «Ինչու զանգերիս չես պատասխանում , անհանգիստ եմ»»,- ասաց Աննա Միսակյանը:

Վկայի խոսքով` այնուհետեւ Մուշեղի հետ գնացել են հրապարակ, որտեղ Մուշեղը հանդիպել է իր ընկերուհուն` Լիլիթին, ապա ծանոթներից մեկին` Արամին, ով թատերական գործունությամբ էր զբաղվում:

«Հրապարակի նստարաններից մեկին նստեցինք, Մուշեղը պատմեց Արամին կատարվածի մասին, ու մանրամասներ չասեց, չասաց ում է սպանել, ուղղակի հարցրեց, թե ոնց կարող է ազատվել հետքերից»,- ասաց Աննա Միսակյանը:

Աննա Միսակյանի խոսքով` Արամը խուսափել է ինչ-որ պատասխանելուց: Դրանից հետո Աննա ու Մուշեղը տաքսիով գնացել են Խարբերդի գերեզմանոց, ճանապարհին Մուշեղն իջել բենզին է գնել, գերեզմանոցում այրել են Մուշեղի հագուստը, Աննայի շալն ու մյուս ապացույցները: Իսկ Աննա Մաջնունյանի բնակարանի բանալին թաղել գերեզմանի տարածքում:

Դատական նիստի ընթացքում Աննան նշեց, որ  ամբաստանյալը, իմանալով Աննայի եւ նրա նախկին ընկերոջ միջեւ եղած սեռական կապի մասին, սկսլ է շանտաժի ենթարկել իրեն` սպառնալով, որ բոլորին կպատմի դրա մասին, աստիպել է սեռական հարաբերություն ունենալ նաեւ իր հետ, ինչի հետեւանքով պարբերաբար շանտաժների եւ սպառնալիքների ազդեցության տակ Մուշեղն իրեն ստիպել է ապրել եւ գործել վախի մթնոլորտում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

21-ամյա Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը: