Հասարակության կողմից բարձրացված բոլոր քննադատությունները Հայաստանի իշխանությունները պետք է ուսումնասիրեն եւ համապատասխան համակարգային փոփոխությունների խնդիրը դրվի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով ապրիլյան դեպքերից հետո հասարակության կողմից բարձրացվող խնդիրներին եւ կոշտ քննադատություններին:
«Բանակում հրամանատարները շատ ճիշտ պատկերացրին, թե ինչ թերություններ ունեն: Արտաքին գործերի նախարարությունն իր խնդիրները տեսավ, առողջապահական համակարգում նույնպես թերացումներ կան, սոցիալական ապահովության հարցեր բարձրացվեցին: Քայլ առ քայլ պետք է քննել, հասկանալ թերությունները եւ լուծումներ առաջարկել»,- ասաց Թեւան Պողոսյանը՝ նշելով, որ այս վարժությունը պետք է անընդհատ անել:
Պատգամավորի կարծիքով՝ պետք է այսուհետ նաեւ նոր մոտեցումներ ցուցաբերել. ուսումնասիրություն կատարելուց հետո պետք է Կառավարությունում համապատասխան ծրագիր առաջարկվի, որը կապացուցի՝ համապատասխան մասնագետներն աշխատում են. «Մենք ունենք համախմբված ցանկություն փոփոխություններ կատարելու, դա պետք է գործի դնել: Պետք է ախտորոշել խնդիրը, ընտրել սցենարը, թե ինչպես Ա կետից հասնել Բ կետը եւ սկսել աշխատանքը: Եթե միայն խոսենք, նորը չառաջարկենք, հինը չփոխենք, կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ»:
Հանրության թիրախում առաջին հերթին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն է: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի քանի օր է՝ օգտատերները պահանջում են ԱԳ նախարարի հրաժարականը: Թեւան Պողոսյանի կարծիքով՝ ծուխն առանց կրակի չի լինում, սակայն այստեղ խնդիրը համակարգի մեջ է, ոչ թե նախարարի:
«Մարդիկ շատ հաճախ քննադատում են, որովհետեւ չունեն ճիշտ տեղեկություն: Պետական ինստիտուտների աշխատակիցները վճարվում են մեր հարկերի միջոցով, հետեւաբար, նրանք պետք է հասկանան, որ այն մարդիկ, որոնք վճարում են, կարող են եւ պահանջել: Իհարկե, դիվանագիտության արդյունքը մեկ օրում չի լինում, երկար աշխատանք է պահանջում, սակայն հանրությանը պարբերաբար ԱԳ նախարարը կամ մամուլի խոսնակը պետք է տեղեկություններ հաղորդի: ԱՄՆ պետքարտուղարությունը կամ նույնիսկ ՌԴ ԱԳՆ-ն պարբերաբար մամուլի ասուլիսներ է հրավիրում, ներկայացնում իրենց կատարած աշխատանքները կամ հայտարարություններ անում»,- ասաց Թեւան Պողոսյանը՝ նշելով, որ այդ կերպ մարդիկ տեսնում են, որ այս կառույցները գործում են:
Թեւան Պողոսյանի պնդմամբ, սխալ է մեկ մարդուն թիրախավորելը, խնդիրը համակարգի մեջ է: Անդրադառնալով հասարակության պահանջին՝ աշխատանքից ազատել Նալբանդյանին, ընդդիմադիր պատգամավորը նկատեց. «Եղել են դեպքեր, երբ մենք հրաժարականի պահանջներ ենք ներկայացրել, մարդիկ հեռացել են, սակայն խնդիրը մնացել է: Մենք պետք է համակարգային փոփոխության գնանք, միայն անձի փոփոխությամբ կամ հարցը չենք լուծի, կամ կիսատ կլուծենք: Կարող է՝ վաղը բերենք մեկին, որն օրը մեջ կխոսի, սակայն որեւէ արդյունք չենք ունենա: Ես վստահ եմ, որ մեր Արտաքին գործերի նախարարությունն արել է աշխատանքներ, իսկ մամուլի ծառայությունն էլ պետք է ներկայացնի դրանք՝ հեռախոսազրույցներ, հանդիպումներ, նամակագրություն: Բայց եթե չեն ներկայացվում, կամ էլ միայն սոցիալական ցանցերով, ապա հանրությունը՝ որպես պահանջատեր, սկսում է կասկածներ ձեւավորել, որի իրավունքն էլ ունի»:





























