Կոտայքի մարզի Հրազդանում քաղաքում կայացել է քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ  Սասուն Միքայելյանի նախընտրական հանրահավաքը:

Հանրահավաքը վարել է Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:  Փաշինյանը հայտարարեց, որ Հրազդանում ընտրակաշառք բաժանելու դեպքեր են գրանցվել, որի մասին ահազանգերին, սակայն, ոստիկանությունը պատշաճ չի արձագանքել եւ ընթացք չի տվել:

«Ոստիկանության էս պահվածքի համար ես գործ եմ ունենալու ոչ թե ռեգիոնալ վարչության կամ քաղաքի ոստիկանության հետ, այլ  ես անձամբ գործ եմ ունենալու Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Հերիք ա՝ դերասանություններ անեք, թատրոններ խաղաք: Հանցավորության դեմ պայքարում եք, էդ սերմացու գողացող մկների դեմ պայքարեք, որոնք բանակի թիկունքում մարդկանց ծախու են ուզում դարձնել: Բայց ես հավատում եմ Հրազդանի ժողովուրդը, հայ ժողովուրդը չի ծախվի»,-ասել է Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետը:

Հանրահավաքին ներկա է նաեւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում սատարում է Սասուն Միքայելյանին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հրազդանում  կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել են 3 թեկնածուներ` գործող քաղաքապետ, ՀՀԿ-ակամ Արամ Դանիելյանը, ում թեկնածությունը պաշտպանում է Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը: