Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող՝ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար 21-ամյա Մուշեղ Մխիթարյանը կարծում է, որ դատարանն արդար որոշում կկայացնի եւ իրեն կարդարացնի: Այս մասին ասաց կալանավայրից NEWS.am-ի խմբագրություն զանգահարած Մուշեղ Մխիթարյանը: Նրա խոսքով, գործն այնքան «փնթի» է սարքած, որ ինչ-որ բան ապացուցելու կարիք էլ չկա:
«Շատ վատ եմ զգում, որ Անիի հարազատները, եղբայրը, իմ ընկերուհիներից Աննան, դատական նիստերի ընթացքում ինձ որպես հակառակ կողմ են ընկալելու, ինձ հակառակ են խոսելու: Շատ վատ եմ զգում, որ Անիի իրավահաջորդը, եղբայրը` Հարդիկ Մաջնունյանը, մտածելու է, որ ես եմ իր քրոջն սպանել, որի հետ այդքան մոտ եմ եղել: Այս գործն այնքան փնթի է սարքած, որ կարիք էլ չկա, որ ինչ-որ բան ապացուցեմ, ուղղակի ինձ համար շատ կարեւոր է հանրության արձագանքը, դրա համար էլ ես անընդհատ բարձրաձայնում եմ, որ մեղավոր չեմ, ինձ անհիմն են կալանավորել, ես կարծում եմ, որ արդարությունը կհաղթի եւ դատարանը արդար որոշում կկայացնի»,-ասաց նա:
Մուշեղ Մխիթարյանը նշեց, որ ինքը որեւիցե հանցանք չի գործել, նրա խոսքով, եթե ինքը սպանած լիներ էքստրասենսին` իրավապահներն իրեն դժվար էլ կկարողանային գտնել:
«Մեր պետությունում դերասաններն այնքան վատ վիճակում են, որ բոլորը կարծում են, թե 44 հազար դրամի համար դերասանը կարող է մարդ սպանել: Եթե ես ինչ-որ հանցանք գործած լինեի, ինձ դժվար էլ կարողանային գտնել ու կալանավորել»,-ասաց նա:
Նշենք, որ ապրիլի 14-ին Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստին գործով կարեւոր վկաներից Աննա Միսակյանը, որը էքստրասենսի սպանության օրը եղել է ամբաստանյալի հետ, իր ցուցմունքում նշել է, որ նախաքննական փուլում ներկայացրած իր ցուցմունքները ճիշտ են եւ էքստրասենսին սպանել է Մուշեղ Մխիթարյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:
21-ամյա Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը:





























