Հրազդանը ապրիլի 17-ին ոչ թե նոր քաղաքապետ է ունենալու, այլ վերջապես քաղաքապետ կունենա: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Հրազդանում կայացած քաղաքապետի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ  Սասուն Միքայելյանի նախընտրական հանրահավաքին ասել է նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Ես չեմ ասում, որ այս տարիներին Հրազդանը կարող էր Ռիո դե Ժանեյրո դառնալ, բայց քայլում եմ Հրազդանով, եւ ոչ մի բարեկարգված փողոց ու շինություն չկա: Խելքին մոտ միակ տարածքը միայն քաղաքի կենտրոնի պուրակն է, որն էլ ՎիվաՍելլ-MTS-ի գումրաներով է բարեկարգվել: Բա, էս քաղաքը քաղաքապետարան, քաղաքապետ չունի՞»,-ասել է Փաշինյանը՝ վստահեցնելով, որ Սասուն Միքայելյանն է այն թեկնածում, որի օգտնի պետք է քվեարկել:

Նշենք, որ հանրահավաքին ներկա է նաեւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում սատարում է Սասուն Միքայելյանին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հրազդանում  կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել են 3 թեկնածուներ` գործող քաղաքապետ, ՀՀԿ-ակամ Արամ Դանիելյանը, ում թեկնածությունը պաշտպանում է Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը: