Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող՝ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի հետ ծանոթության ժամանակ ներկայացել է որպես 34 տարեկան երիտասարդ, որը հետաքրքված է Անիի ակտիվիստական գործունեությամբ եւ ցանկանում է  աջակցել նրան: Այս մասին այսօր` ապրիլի 14-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունքում ասաց Անի Մաջնունյանի սպանության գործով վկա Անի Զախարյանը:

«Նրան Ճանաչում եմ «Ֆեյսբուքից», ներկայացել էր որպես «Յանուս» թատրոնի ղեկավար: Ասաց, որ ցանկանում է կուսակցությանն աջակցել իր ակտիվիստական գործունեությամբ: Բաղրամյան պողոտայում ցույցերի ժամանակ հանդիպել ենք, երկուսս էլ մասնակցել ենք, նա բավականին ակտիվ է եղել, ես ինքս հոգածությամբ եմ վերաբերվում ակտիվիստներին…»,- ասաց Անի Զախարյանը:

Նրա խոսքով` Բաղրամյան պողոտայի ցույցերից հետո իր եւ Մուշեղ Մխիթարյանի շփումը պահպանվել է. Մուշեղը պարբերաբար զանգել եւ զրուցել է իր հետ: Վկայի տեղեկացմամբ` Անի Մաջնունյանի սպանությունից մոտ մեկ շաբաթ առաջ Մուշեղը զանգել է իրեն ու ասել, որ մի խումբ տղաներ իրեն շենքի մուտքում մոտեցել եւ սպառնացել են, ասելով, որ կոչնչացնեն:

«Ես էլ մտածեցի, որ քաղաքական պահեր կան Բաղրամյանից մնացած… Երբ նորից զանգեց ինձ, ամուսնուս հետ ընթրում էի, ասացի` արի հասկանանք, թե ով է քեզ սպառնում: Հետո հեռուստատեսությունից իմացա, որ Անի Մաջնունյանին սպանել են: Մուշեղը ներկայացավ սանրվածքը փոփոխած, այլ հագուստով: Համընկան այդ պահերը»,- ասաց Անի Զախարյանը:

Նրա խոսքով` Մուշեղն իրեն պատմել է, որ էքստրասենսի սպանության օրը` երեկոյան, եղել է նրա  տանը եւ հնարավոր է` ամենուր իր մատնահետքերը լինեն, հետեւաբար առաջին կասկածյալն ինքն է լինելու. «Դրանից հետո նա տեղ էր ման գալիս, որ տուն չգնար, չէր ուզում գնար տուն, որովհետեւ գիտեր` իրեն կարող են հետապնդել»:

Որպես վկա հարցաքննվեց նաեւ սպանված էքստրասենսի մայրը, ով նշեց, որ Անին իրեն պատմել է ոմն Մխիթարի մասին, որը ռեժիսոր է, պատրաստվում  է ֆիլմ նկարահանել:

«Ասում էր, որ մի ռեժիսոր է հայտնվել, որի ֆիլմում պետք է ինքը խաղա եւ ինքն էլ հովանավորելու է ֆիլմը: Ասաց, որ անունը Մխիթար է, որը ասել է, թե ֆիլմը կիսատ է մնացել եւ գումար է պետք: Հետո պարզվեց, որ ոչ մի ֆիլմ էլ չկա, որ նա 20-ամյա խարդախ է եւ փողաշորթ: Ասաց, որ այդ տղան անընդհատ փող է ուզում, ինքն էլ տալիս է, մի անգամ էլ կես միլիոն է տվել»,- պատմեց Լորետա Գոլմիյանը:

Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 21-ին:

Նշենք, որ այսօր Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստին հարցաքննվեց նաեւ գործով կարեւոր վկաներից  Աննա Միսակյանը, որը նշեց, որ  էքստրասենսի սպանության օրը եղել է ամբաստանյալի հետ, նախաքննական փուլում ներկայացրած իր ցուցմունքները ճիշտ են եւ էքստրասենսին սպանել է Մուշեղ Մխիթարյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

21-ամյա Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը: