«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հավատում է, որ հրազդանցին իր քվեն տալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանին:
«Սասուն Միքայելյանը քաղաքապետի ընտրություններում հաղթելու խնդիր չունի, ինքը հաղթել է վախը, մահը, ապացուցել է, որ հայրենիքին է ծառայել: Հավատում եմ, որ հրազդանցին էլ է ապացուցելու, իր քվեն տալու է Սասուն Միքայելյանին ու Սասունը դառնալու է Հրազդանի քաղաքապետ»,-այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Հրազդանում Սասուն Միքայելյանի նախընտրական հանրահավաքին ասել է Արամ Սարգսյանը:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը նշել է, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Սասուն Միքայելյանի թեկնածությունը պաշտպանելու բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ ունի, անձնականինց զատ:
«Բնական է, որ ես պիտի պաշտպանեմ Սասուն Միքայելյանին, որովհետեւ ինքն իմ ավագ եղբոր ընկերն է, իմ եղբորից հետո ինքն ինձ եղբայրություն է արել, իմ նեղին, իմ լայնին իմ տխրությունն ու ուրախությունը կիսել է: Բայց կան նաեւ օբյեկտիվ այլ պատճառներ, պետք է ի վերջո վերականգնվի եղբայրության, հավասարության եւ արդարության սկզբունքը»,-ասել է Արամ Սարգսյանը:
Արամ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը հրազդանցիներին համախմբման կոչ է անելու, սակայն, ըստ նրա, «ընտրակաշառք բաժանողի» շուրջ չեն համախմբվում: «Սասուն Միքայելյանի նման անհատի հանդեպ դուք էս ի՞նչ եք անում: Եթե դու փող ես բաժանում, ո՞նց կարելի է քո շուրջ համախմբվել, դու չես հարգում քո երկիրը, քո պետությունը: Հո, Բրեժնեւ չեք դառնալու, հո 17 տարի չեք իշխանավարելու՞, մինչեւ ունքերիդ մազերը գա, մտնի աչքերդ»,-ասել է Արամ Սարգսյանը:
Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյան էլ իր հերթին նշել է, որ Միքայելյանը բացի հրազդանցու «դաբրոյից», որեւէ մեկի «դաբրոյի» կարիք չունի:
«Սասունն ունեցել է եւ կունենա մեկ սուբյեկտի դաբրոյի կարիք, դա Հրազդանի քաղաքացին է: Եվ ես դաբրո եմ խնդրում Սասուն Միքայելյանի համար, իսկ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պատասխանատվություն է կրելու քաղաքապետի գործունեության համար»,-ասել է Փաշինյանը:
ԱԺ պատգամավորը վստահեցրել է՝ Սասուն Միքայելյանի ընտրվելու պարագայում 5 տարվա ընթացքում Հրազդանում, ոչ մի կաթող տանիք, չաշխատող վերելակ չի լինելու: Բարեկարգվելու է քաղաքային զբոսայգին, եւս երկու զբոսայգի է ավելանալու, տնկվելու է 20 000 ծառ, ստեղծվելու են մեծահասակների ժամանցի կենտրոններ, Հրազդանը դառնալու է «ժպտացող» քաղաք:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հրազդանում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել են 3 թեկնածուներ` գործող քաղաքապետ, ՀՀԿ-ակամ Արամ Դանիելյանը, ում թեկնածությունը պաշտպանում է Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը:





























