Պատերազմական իրավիճակում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահին վայել պահվածք ցուցաբերեց եւ ցանկալի կլիներ, որ Ռոբերտ Քոչարյանն էլ իր փորձով ու իմացությամբ անմիջական մասնակից դառնար սահմանային լարվածության վերաբերյալ սկսված բանակցություններին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական տարաձայնություններ կան իշխանության հետ, բայց սա այդ դեպքը չէր եւ պետք է նստեին մի սեղանի շուրջ։ Դա բոլորիս ցանկությունն է՝ երեք նախագահներին տեսնել մի սեղանի շուրջ եւ քննարկելու միմիայն ստեղծված իրավիճակը, առանց ընդարձակվելու, ինչպես արեցին Լեւոն Տեր- Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը»,-ասաց Բաղդասարյանը։

Անդրադառնալով առաջին ու գործող նախագահների հանդիպման վերաբերյալ քոչարյանական թեւի սուր արձագանքին ու հենց ՀԱԿ-ի ուղղությամբ հարձակմանը, ասաց․ «Ինձ համար դա անհասկանալի է, անկեղծ ասած։ Կան բաներ, որոնց պատասխանը ես չունեմ։ Երեւի մտածում են՝ ինչ որ պրոցեսներից դուրս են մնում, բայց դա մեր մեղավորությունը չէ։ Մենք բազմիցս հանդես եկանք միասնականության կոչերով, այս ոգեշնչմանը պիտի միանային բոլորը, որպեսզի ամեն մեկը իր հնարավորության սահմաններում իր ներդրումը ունենար իրավիճակի հետ կապված»։

Վահրամ Բաղդասարյանը հույսը չի կորցրել, ակնկալում է, որ Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանն էլ են հանդիպելու։

Իշխանության ներկայացուցիչը ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի համախոհների վերլուծությունների, որ այդ հանդիպումը ներքաղաքական ծրագրերի համատեքստում է եղել, ասաց․ «Միայն ու միայն սահմանային վիճակն է քննարկվել, բազմիցս նշվել է ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, որ սա չի նշանակում մշտական հաշտեցում»։