Հայոց բանակը լավ զինված է, այլ հարց է, որ տարբեր սերունդների սպառազինություններ կան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հասարակության կողմից բարձրացված խնդրին, թե ինչպես ՀՀ նախագահը շեշտեց՝ մենք կռվում ենք 80-ականների զենքերով, հետեւաբար արդիական սպառազինություն չունենք:
«Նախագահի խոսքը կոնտեքստից դուրս է ընկալվել: Մեր բանակը լավ զինված է, այլ հարց է, որ տարբեր սերունդների սպառազինություններ կան: «Կալաշնիկով» ավտոմատը 1940-ականների զենք է, բայց բոլոր երկրների բանակները երազում են նման սպառազինություն, նման ինքնաձիգ ունենալ»,- ասաց Լեւոն Մարտիրոսյանը:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ պատերազմի ժամանակ միշտ էլ խնդիրներ են լինում, ինչ-որ բացեր են լինում, որոնք պետք է միշտ լրացնել, ինչպես նաեւ սպառազինություններն արդիականացնել, բանակի մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահել: Դիտարկմանը, թե առ այսօր դիրքերում ժամանակակից սենսորների փոխարեն «կանսերվի բանկաներ» են կախված, Մարտիրոսյանն արձագանքեց. «Միշտ էլ ունենալու ենք եւ բոլոր երկրների բանակներն են ունենալու արդիական սպառազինության խնդիր, որովհետեւ տեխնոլոգիան զարգանում է, գիտությունն առաջ է գնում, միշտ պետք է սեփական Զինված ուժերն արդիական զենքերով մատակարարել»:
Նշենք, որ հանրությունն արդեն մի քանի օր է՝ պահանջում է իշխանություններից ուսումնասիրել, թե որտեղից են օլիգարխների թանկարժեք մեքենաներն ու առանձնատները, ինչպես նաեւ այդ գումարներն ուղղել բանակի սպառազինմանը: Լեւոն Մարտիրոսյանի կարծիքով՝ հանրության այս պահանջը պոպուլիզմի ժանրից է:
«Կարելի է ամեն ինչը խառնել իրար եւ պահի տակ նեղ այսրոպեական քաղաքական խնդիրներ առաջ բերել: Միշտ էլ պետք է արդարությունը վերահաստատված լինի, մարդիկ զգան, որ արդար հասարակություն են եւ եկամուտների բաշխման, եւ իրավունքների, եւ հնարավորությունների առումով: Բայց տվյալ խնդիրն առհասարակ դրա հետ կապված չի: Մենք՝ որպես երկիր, պետություն, պարտավոր ենք մեր բանակը մարտունակ պահել՝ անկախ օլիգարխների թվից եւ եւ նրանց մեքենաների քանակից եւ արժեքից»:





























