ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երեւան քաղաքի Նազարբեկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի ապրիլի 13-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւանի Նազարբեկյան թաղամասում գտնվող տներից մեկի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, ձեռնարկվել անհետաձգելի դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ, տեխնիկական ուժի գործադրմամբ կոտրելով Երեւանի Նազարբեկյան թաղամասում գտնվող տներից մեկի մուտքի դռան փականը, ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ապօրինի մուտք են գործել նշված տուն եւ մանկահասակ՝ 5 ամսական, երեխայի եւ նրա մոր նկատմամբ դանակով կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել գումար եւ ոսկյա զարդեր:
Տանն առկա կանխիկ գումարն ու ոսկյա զարդերը հափշտակելուց հետո դիմակավորված անձինք երեխայի մորը տեղափոխել են տանը հարակից ավտոտնակ եւ փակել այնտեղ, ինչից հետո հեռացել են։
Դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Մշակվել է քննչական պլան եւ կատարվում են անհրադեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։





























