Ռուսաստանը Հայաստանի բնական դաշնակիցն է . երկու երկրներն էլ ունեն բնական փոխադարձ շահեր: Այս մասին ապրիլի 15-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է պահեստային գնդապետ, ռազմական պատմաբան Մնացական Խաչատրյանը:

Նրա խոսքով, այդ շահերը կարող են համընկնել 30, 50 տարի կամ ավելի երկար, բայցեւայնպես դա փաստ է: «Որքան էլ Ռուսաստանն ասի, որ Ադրբեջանը իր ռազմավարական գործընկերն է, զենք վաճառի նրան, այդուհանդերձ, նա սահմանները չի անցնի: Քառօրյա պատերազմի ընթացքում, որն ավարտվել է հրադադարի մասին պայմանավորվածությամբ, Ռուսաստանը Ադրբեջանին եւս մեկ հնարավորություն տվեց ընտրելու՝ կա՛մ Մոսկվան, կա՛մ Անկարան: Կարծում եմ՝ երրորդ հնարավորություն Բաքվին չի տրվի, ու մեզ չեն կանգնեցնի»,-շեշտել է Խաչատրյանը: Ռուսաստանը, շարունակեց նա, արդեն չի փրկի Ալիեւին: «Պետությունը, որը ստեղծել է Թուրքիան 1918-ին օսմանյան բանակի սվիներով, պարզապես այլեւս գոյություն չի ունենա: Ռուսներին հայկական բանակն իր ամբողջ կազմով պետք է Ախուրյան գետի սահանին, քանի որ այնտեղ է գտնվում հիմնական սպառնալիքը: Ադրբեջանը որպես այդպիսին Ռուսաստանի համար ոչինչ չի ներկայացնում»,- ամփոփեց ռազմական պատմաբանը: