Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում ապրիլի 2-5-ը տեւած ռազմական գործողություններով Ադրբեջանը հետախուզություն է իրականացրել: Այս մասին այսօր`ապրիլի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Ապրիլյան ռազմական գործողությունները պատմության գրքերում մտնելու է որպես քառօրյա պատերազմ, կամ երկրորդ Ղարաբաղյան պատերազմ: Սա հետախուզություն էր մարտով: Ալիեւը ստուգում էր` ինչի են իրենք ընդունակ, ինչի ենք մենք ընդունակ: Եւ տեսավ, որ կենտրոնացված ուժերի այդ քանակը բավարար չի իր նպատակին հասնելու համար»,-ասել է փորձագետը:

Ռուբեն Մեհրաբյանը նշել է` Ադրբեջանը ձախողել է իր առջեւ դրված նպատակը, սակայն որեւէ երաշխիք չկա, որ կրկին նախահարձակ չի լինի` արդեն  ավելի լայնամասշտաբ ուժեր առաջ քաշելով:

«Եւ Ադրբեջանը, եւ մենք դասեր ենք քաղում: Ադրբեջանը հաջորդ քայլն այն է լինելու, որ հանրագումարի է բերելու ավելի մեծ ուժեր եւ միջոցներ, երբ զգաց, որ դրա քաղաքական պահը գա, իսկ այդ պահը դեռեւս չի էլ երեւում»,-ասել է քաղաքագետը:

Հայկական կողմը, Մեհրաբյանի խոսքով, առաջնագծում խնդիր չի ունեցել եւ չունի, խնդիրը թիկունքում է:

«Այսպիսի տնտեսական եւ պետական կառավարմամբ մենք չենք կարող այս տեւական մարտահրավերներին դիմադրել եւ հաղթել: Հայ զինվորը իր ոգով եւ արիությամբ կանխեց այս հարձակումը, համազգային համախմբում եղավ, բայց դա երկար չի կարող տեւել նման պայմաններում: Մեզ պետք է հզոր թիկունք, հասարակությանը հաշվետու իշխանություն»,-ասել է քաղաքագետը:

Անդրադառնալով նախահարձակման պատճառներին` Ռուբեն Մեհրաբյանն ասել է` Ալիեւը «սեղանները շուռ է տվել» Ադրբեջանի ներսում իշխանություն-հասարակություն հարաբերություններում նոր խաղի կանոններ թելադրելու նպատակով:

«Նավթի գների կտրուկ անկումը ստիպեց Ալիեւին փոխել իշխանություն-հասարակության դիսկուրսի թեման: Փոխեց, որպեսզի անհարմար հարցեր չտան իրեն, մասնավորապես` ո՞ւր են նավթի փողերը, ի՞նչ փողեր ես տարել օֆշոր, աղջիկներդ ինչպե՞ս են միլիարդատերեր դարձել: Հարցերից խուսափելու համար պետք էր թշնամու կերպար, իսկ ամենայն թշնամին հայն է, եւ նախահարձակ է եղել»,-ասել է քաղաքագետը: