Ռուսական կողմը պետք է համարժեք գնահատական տա ադրբեջանական գործողություններին. Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ խորհրդարանում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: «Ռուսական կողմը Հայաստանի նկատմամբ իր պարտավորություններից ելնելով, 1997 թվականի հայ ռուսական բարեկամության պայմանագիրը նկատի ունեմ, որպես Մինսկի եռանախագահող պետք է դադարեցնի հարձակողական սպառազինության մատակարարումը Ադրբեջանին»:
Քոքոբելյանը շեշտել է, որ սին կարծիք է այն, որ եթե Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին, կվաճառի այլ երկիր. «Դեռեւս 1992 թվականից որոշում ունեն թե Միացյալ նահանգները, թե Ֆրանսիան, որ Ադրբեջանին եւ Հայաստանին զենք չեն մատակարարում: Այդ ծավալի զենքեր, այդ տիպի վտանգավորության զենքեր աշխարհում 4-5 երկիր է արտադրում: Նկատի ունեմ, որ եթե Ռուսաստանը չի վաճառում, զենքի ձեռք բերումը Ադրբեջանի համար խնդրահարույց է դառնում»: Քոքոբելյանը հավելել է, որ ինքը բարձրացրել է այս հարցերը ռուս գործընկերների մոտ: Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունների բացթողումների հետեւանքն է, որ պատերազմի օրոք պետությունը կանգնել է փաստի առջեւ: «Իմիտացիոն արտաքին քաղաքականությունն ուղղակի արդարացված չի մեր տիպի երկրների համար: Մեր արտաքին քաղաքականությունն իմիտացիայից կես քայլ անգամ առաջ չի գնացել»,-ընդգծել է Քոքոբելյանը:





























