Պաշտպանության հարցերում Հայաստանը պետք է միայն ինքն իր վրա հույսը դնի, այլ ոչ թե ՀԱՊԿ-ի, կամ որեւէ այլ կառույցի: Այս մասին ապրիլի 15-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, նշելով, որ պաշտոնական Երեւանը միշտ կարող է դիմել ՀԱՊԿ-ին, սակայն նման մոտեցման նպատակահարմարության հարցը բաց է մնում:

Փոխնախարարը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը այս կամ այն կազմակերպությանը դեռ չի նշանակում միանշանակ աջակցություն: «Մենք բազմիցս՝ դեռ մինչեւ ղարաբաղյան իրադարձությունները ասել ենք ու այսուհետ նույնպես կասենք, որ պետք է առաջին հերթին ինքներս մեր վրա հույս դնենք, քանի որ ավելորդ ակնկալիքները կարող են վտանգավոր լինել: Մյուս կողմից էլ անհրաժեշտ է հաշվի առնել ցանկացած երկրի, մանավանդ դաշնակիցների հետ հարաբերությունների կարեւորությունը»,- ասել է փոխարտգործնախարարը:

Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է ձեւավորել համապատասխան բարենպաստ արտաքին միջավայր ու ձգտել նրան, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ բոլոր երկրները կատարեն իրենց պարտավորությունները: «ՀԱՊԿ շրջանակում կան համագործակցության զանազան ասպեկտներ, որոնք շահավետ են Հայաստանի համար ռազմատեխնիկական ու ռազմատնտեսական առումներով: ՀԱՊԿ քարտուղարությունն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արձագանքել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, իսկ այս իրավիճակում Բորդյուժայի այցը Հայաստան շատ բանի մասին է խոսում»,- ամփոփել է Շավարշ Քոչարյանը: