Ապրիլի 1-ի լույս ապրիլի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկսված ռազմական գործողություններից հետո Հայաստանում նոր իրավիճակ է ստեղծվել, որից պետք է հետեւություններ արվեն: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Ապրիլյան վերջին դեպքերից հետո նոր իրավիճակ է ստեղծվել եւ մենք պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք, ինչ պետք է շտկենք եւ ինչ վիճակների պետք է գանք տարբեր հարցերում՝ ոչ միայն բանակի հարցում, այլեւ տնտեսության եւ երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության հարցում»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Հարցին՝ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան ինչ նպատակ էր հետապնդում, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ Ադրբեջանը չի գիտակցում իր նպատակները. «Ադրբեջանը չի գիտակցում իր նպատակները, որ ես հիմա բացատրեմ, թե ինչ նպատակներ է հետապնդում: Ուզում ա ամեն ինչը վերցնի»:

Նշենք, որ այս պահին  ՀՀ Հանրային խորհրդի աշխատանքային լիագումար փակ նիստ է տեղի ունենում, որի օրակարգում ընդգրկված է մեկ հարց` ապրիլյան իրադարձությունների հետեւանքով ստեղծված նոր իրավիճակը եւ դրանից բխող համալիր միջոցառումների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը` ռազմական, տնտեսական, ներքին եւ արտաքին քաղաքական ուղղություններով: Վազգեն Մանուկյանը նշեց, որ նիստի քննարկման եզրակացությունները կներկայացվեն նախագահին եւ հանրությանը: