ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 4/20 տեղամասային հանձնաժողովի նախագահ Ն. Մ.-ն կեղծել է հիշյալ տեղամասի քվեարկության արդյունքները:
Մասնավորապես՝ Ն. Մ.-ն, կողմնակից լինելով սահմանադրական փոփոխություններին եւ նպատակ ունենալով նպաստել դրանց ընդունմանը, քվեարկության իրական արդյունքները կեղծելու դիտավորությամբ, 2015թ. դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը նշված տեղամասում ձայներն ակնհայտ սխալ հաշվելու, քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված ընտրական փաստաթղթերն ու արձանագրություններն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու, ինչպես նաեւ մարման ենթակա քվեաթերթիկների հաշվին «Այո» քվեաթերթիկներն ավելացնելու եղանակով կեղծել է հանրաքվեի թիվ 4/20 տեղամասի քվեարկության արդյունքները եւ կազմված արձանագրության երկու օրինակներն ու գրանցամատյանը հանձնել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար Ն. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
Նշենք նաեւ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Հանրաքվեի գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2016 թվականի ապրիլի 15-ի դրությամբ հարուցվել եւ քննվել են 40 քրեական գործեր, որոնցից 13-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 16 քրեական գործ կարճվել է, 2 քրեական գործ կասեցվել է, 4 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 5 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:





























