Մոսկվան համոզված է, որ Անկարան վաղ թե ուշ կհրաժարվի դիմակայության վտանգավոր հռետորաբանությունից եւ ՌԴ-ի հետ հարաբերություններում ճիշտ եզրահանգումներ կանի, ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության վարչության մեկնաբանության մեջ:
«Համոզված ենք, որ Թուրքիայի ղեկավարությունը բարեկամական թուրք ժողովրդի, միջազգային հանրության եւ ուղղակի առողջ բանականության ազդեցությամբ կհրաժարվի դիմակայության իր վտանգավոր հռետորաբանությունից եւ ճիշտ եզրակացությունների կհանգի մեր երկրի հետ հարաբերություններում», — նշվում է մեկնաբանության մեջ, որը ուրբաթ տարածվել է` Թուրքիայում ռուսաստանյան Sputnik գործակալության կայքի արգելափակման հետ կապված:
ՌԴ ԱԳՆ-ում ենթադրում են, որ «պրոֆիլային միջազգային կառույցները, նախ եւ առաջ ԵԱՀԿ-ն, անպատասխան չեն թողնի Անկարայի նման քայլերը եւ համապատասխան գնահատական կտան դրան»:
Թուրքիայում Sputnik գործակալության կայքը արգելափակվել էր հինգշաբթի: Sputnik-Թուրքիայի գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովի խոսքով, ուրբաթ Թուրքիայի Հեռահաղորդակցության եւ կապի վարչությունը հաստատել է կայքի արգելափակումը, միաժամանակ բացատրություն չտալով: Նա հայտնել է, որ ներկայումս ներկայացուցչությունը զբաղվում է պաշտոնական հարցում ներկայացնելով ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար: TIB-ից «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են, որ Sputnik-ի կայքի արգելափակումը ժամանակավոր է, վերջնական որոշումը կկայացնի դատարանը:





























