Վերջին շրջանում Հրազդան են ներխուժել որոշ ուժեր, որոնք ցանկանում են ապակայունացնել քաղաքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, Հրազդանի Սահմանադրության հրապարակում իր նախընտրական քարոզարշավն ամփոփելիս հայտարարեց քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը:
«Հրազդանցին է Հրազդանի տերը, քաղաքական կուսակցություններ ու հայացքներ փոխելով` մեր ժողովրդին անընդհատ լարվածության մեջ են պահում, բայց դա նրանց մոտ չի ստացվի, որովհետեւ հրազդանցին իմաստուն է: Ես լավ տիրապետում եմ քաղաքի տնտեսությանը, գիտեմ բոլոր խնդիրները, մենք առաջիկա տարիներին քաղաքն ավելի բարեկեցիկ կդարձնենք»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:
«Ես գոռալ չեմ սիրում, բոլորդ լավ գիտեք, որ երբեք երեսպաշտությամբ չեմ զբաղվել, քաղաքական հայացքներս երբեք չեմ փոխել, սկզբունքներիս երբեք չեմ դավաճանել, ինչ կարողացել մեր քաղաքի համար արել եմ համայնքի բյուջեի հնարավորություններով եւ պետական աջակցությամբ: Բոլորդ լավ գիտեք, որ միայն համայնքի բյուջեն չի կարող լուծել քաղաքի բոլոր խնդիրները:Ինձ աջակցում է հզոր թիմ, եւ մենք՝ երկրի իշխանության ու մարզի ղեկավարության աջակցությամբ վերջնականապես լուծելու ենք մեր քաղաքի առջեւ ծառացած բոլոր խնդիրները»,- ասել է Դանիելյանը։
Նշենք, որ համայնքի ղեկավարի ընտրությունները Հրազդանում կկայանան ապրիլի 17-ին: Առաջադրված են Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության վարչության անդամ Արթուր Միսակյանը:





























