Սեպտեմբերի սկզբին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին էր ներկայացրել Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի խնդրանքը` միջնորդելու ՀՀ իշխանություններին` Ադրբեջանին վերադարձնելու հուլիսի 19-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամ Մ. Իբրահիմովի դին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանից, խնդրի առնչությամբ Գարեգին Բ կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ` ներկայացնելով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի խնդրանքը:
«Քննարկման արդյունքների մասին Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է Ռուսաց պատրիարքին` փոխանցելով, թե հայկական կողմը մշտապես բարյացակամ է գտնվել եւ Կարմիր Խաչ միջազգային կազմակերպության միջոցով կազմակերպել է ռազմագերիների, զոհված զինվորների դիերի վերադարձն ադրբեջանական կողմին, մինչ Ադրբեջանը ոչ միայն դադարել է նույն կերպ վարվել, այլեւ հաճախակի սադրիչ փորձեր է կատարում ներթափանցելու ԼՂՀ տարածք, ինչը բնավ չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը:
Հայկական կողմը պատրաստակամ է քննության առնել նման դիմումներ, եթե Ադրբեջանը եւս պատրաստակամություն ցուցաբերի` վերոհիշյալ խնդիրները դիտարկելու արդյունավետ փոխգործակցության վերականգնման միջոցով` հավատարիմ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին»,- ասված է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ:




























