Հայաստանն այժմ պետք է գործի միայն արձագանքային ռեժիմով, նախապատրաստական փուլը բաց է թողել անորակ էլիտայի պատճառով: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողներևի հետ հանդիպմանն ասել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

«Ի՞նչ տեսանք իրականության մեջ, նայեք մեր նահատակների ցուցակը, դուք տեսե՞լ եք, որ զոհվեն կամ վիրավորվեն այն տղաները, որոնք վերաբերում են մեր էլիտային՝ լինի իշխանական կամ ընդդիմադիր, քաղաքական կամ քաղաքացիական անձ, ոչ մեկին չեք տեսնի»,-նշել է Մեսրոբյանը:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանի «անհեռատես էլիտան չկանխազգաց վերահաս վտանգը»:

«Այնքան անհեռատես են, որ մարտահրավերները թողած, պատերազմի հոտը գալիս է, մենք 4+4+4 ենք քննարկում ամբողջ եռանդով՝ ինչ-որ քաղաքական ու քաղաքացիական նպատակներ հետապնդելով, այնինչ կարող էինք  փաստորեն այսքան զոհերի քանակից խուսափել»,-նշեց նա:

Քառօրյա պատերազմի, դրան նախորդող եւ հաջորդող ժամանակաշրջանում, ըստ  Հարություն Մեսրոբյանի, այլ երկրներին եւ ուժերին մեղադրել պետք չէ, խնդիրը՝ մեր մեջ է:

«Եթե ազգը գլուխ չունի, մարմինը միշտ հարված է ստանալու: Մենք պետք է գիտակցենք, որ ոչ մի գերտերություն երկիր մոլորակի վրա հայության շահը չի պաշտպանի, յուրաքանչյուրն ունի իր շահը այստեղ խնդիրն այն է, որ հանկարծ չստացվի թե գերտերությունների շահերը ուղղակի դեմ դուրս գան հայության շահերին: Հայկական համայնքները մի քանի հզոր կենտրոններում Ռուսաստանում Եվրոպայում ԱՄՆ-ում պետք է լծվեն լոբբինգի գործին»,-ասել է փորձագետը:

Մեսրոբյանը ընդգծել է, որ Հայաստանը ռազմական տնտեսական եւ սոցիալական ոլորտներում անմրցունակ է երկրում տիրող օլիգարխիկ կառավարման համակարգի պատճառով:

«Պատերազմի ժամանակ անմրցունակ լինելը նշանակում է՝ փորել գերեզման»,-ասել է նա:

Մեսրոպյանը անընդունելի համարել նաեւ այն, որ ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում այս օրերին մեծ քնակությամբ ռազմական նշանակություն ունեցող լուսանկարներ եւ ինֆորմացիա էր տարածվում. «Մենք պետք է հասկանանք, որ պատերազմը «վիդեոքըխքըխ» չէ, պատերազմը «գյուլլա» է, որը կպնում եւ սպանում է մարդուն»: