Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչները ապրիլի 14-ին այցելել են Ադրբեջանի դատապարտված քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիեւին: Այս մասին NEWS.am–ի թղթակցի հարցերին պատասխանելով հայտնել է ԼՂՀ-ում ԿԽՄԿ առաքելության լրատվական բաժանմունքի աշխատակից Էթերի Մուսայելյանը:

«ԿԽՄԿ-ն իր մանդատի համաձայն կանոնավոր կերպով այցելելու է այդ բանտարկյալներին, որպեսզի ստուգի, թե ինչ պայմաններում են նրանք գտնվում կալանավայրում ու ինչպես են նրանց վերաբերվում, նաեւ որպեսզի նրանք իրենց ազգականների հետ կապ պահպանելու հնարավորություն ունենան»,- նշել է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը ու Դիլհամ Ասկերովը, նաեւ խմբի ոչնչացված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք ու զինամթերք, 2014-ի հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը ու թափանցել Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործունեություն իրականացնելու նպատակով: Նրանք զենքի կիրառումով հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը՝ հրազենային վիրավորումով հուլիսի 15-ին հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ ու Մանաշիդ տարածքնեի անտառային մասում: Բացի դրանից, Հասանովը հուլիսի 11-ին Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրի վրա ազգային ատելության հողի վրա հրազենից սպանել է Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին ( 1971թ. ծնված) եւ վիրավորել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին: Նա զինված դիմադրություն էր ցուցաբերել ձերբակալության գործողության ընթացքում ու վնասազերծվել:

2014-ի դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի դատարանի որոշումով Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Գուլիեւին դատապարտել են 22 տարվա ազատազրկման: Վերաքննիչ ու վճռաբեկ դատարանները դատավճիռն անփոփոխ են թողել: