Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերադարձրել է NEWS.am-ի թղթակցից ապրիլի 15-ին խլված տեսախցիկն ու լրագրողի բեյջը՝ փաստացի ընդունելով, որ հենց Պաշտպանության նախարարությունն է պատասխանատու լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու համար։

Նշենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը դիմել է ոստիկանություն՝ գործակալության թղթակցի տեսախցիկը եւ վկայականը հափշտակելու, մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաեւ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստերի առթիվ:

Տեսախցիկը գործակալությանը վերադարձրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ինչը կասկած չի թողնում տեսախցիկը խլելու հրահանգ տվողն ու կատարողները եղել են ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց ինքնությունը նախարարության ղեկավարությանը հայտնի է։ Այս պարագայում իրավապահ մարմինները պարտավոր են հարցաքննության կանչել եւ պարզել միջադեպի բոլոր հանգամանքները եւ մեղավորներին։

Ի դեպ, վերադարձնելուց առաջ տեսախցիկի հիշողության քարտից ջնջված էին, թե ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի 8-րդ նիստին վերաբերող, թե առկա բոլոր մյուս տեսանյութերը։

NEWS.am–ը հետեւողական է լինելու, որպեսզի օրենքով սահմանված կարգով պատժվեն «Մուլտի Գրանդ» հյուրանոցի բակում լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած եւ համապատասխան հրահանգ տված բոլոր անձիք։