11-ամյա Սահակ Սահակյանը «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի ամենակրտսեր մասնակիցն է, ներկայացնում է Գյումրիի Android թիմը:

Սահակը երկու ամիս է՝ ինչ սկսել է զբաղվել ռոբոտաշինությամբ, բայց ռոբոտների կառուցվածքին ծանոթացել է շատ ավելի վաղ:

«Ավագ եղբայրս ծրագրավորող է, նա էլ է ռոբոտաշինության խմբակի անդամ: Մի քանի տարի առաջ, երբ տուն էր բերում իրենց պատրաստած ռոբոտները, ինձ ցույց էր տալիս, թե ինչպես պատրաստել: Ու ես էլ սկսեցի հետաքրքրվել ռոբոտաշինությամբ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Սահակը:

Android թիմը, որը մրցույթում զբաղեցրել է երկրորդ պատվավոր տեղը, ռոբոտը պատրաստել է 7 ամսում, Սահակն ապահովել է մեխանիկական մասը:

«Մեր ռոբոտը մեխանիկական կատարյալ վիճակում էր: Այն կարողացավ թաքցված յոթ ականներից երկուսը գտնել. արհեստական խոտածածկը թույլ չտվեց, որ ավելին գտնի»,-ասում է նա:

11-ամյա Սահակը վստահ է` շարունակելու է զբաղվել ռոբոտաշինությամբ, կատարելագործելու է գիտելիքներն ու ավելի բարդ սարքեր է պատրաստելու:

«Հիմա ուզում եմ շատ մրցույթների մասնակցել, որ փորձ ձեռք բերեմ, ավելի շատ գիտելիքներ հավաքեմ, ու սկսեմ ավելի բարդ մեխանիզմներ պատրաստել»,-ասում է Սահակը:

«Ական փնտրող ռոբոտներ» մրցույթում ապրիլի 16-ին հաղթող է ճանաչվել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողներից եւ Fime Tech ընկերության անդամներից կազմված թիմը՝ պարգեւատրվելով 600 000 ՀՀ դրամով: Մրցույթում երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրեց Գյումրին ներկայացնող Android թիմը՝ պարգեւատրվելով 400 000 հազար ՀՀ դրամով: Digital Cloud թիմը զբաղեցրեց երրորդ պատվավոր տեղը, եւ պարգեւատրվեց 260 000 ՀՀ դրամով: Խրախուսական մրցանակի արժանացավ Վանաձորը ներկայացնող «Ականազերծողներ» թիմը՝ արժանանալով 100 000 ՀՀ դրամի չափով պարգեւի:

Այս տարի մրցույթին մասնակցում էին 11 թիմ՝ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից, Վեդիից, Սիսիանից, Գորիսից, Թալինի, Արցախից։ Թիմերից 9-ի կազմում ընդգրկված են միայն աշակերտներ, 2-ում՝ ուսանողներ:

Նշենք, որ «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթն անցկացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից՝ «Յուքոմ» ընկերության աջակցությամբ: