Երեւանի բնակիչներ` 52-ամյա Հրաչյա Գեւորգյանը եւ 36-ամյա Գարիկ Հարությունյանը մեղադրվում են Նաիրա Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն առեւանգելու, պատանդ պահելու եւ առեւանգված կնոջ հորից խոշոր չափերի գումար շորթելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:

Ըստ մեղադրականի`նախկինում բազմիցս դատապարտված Հրաչյա Գեւորգյանը, համաձայնության գալով Գարիկ Հարությունյանի հետ, Երեւանի Բաշինջաղյան փողոցից դանակի գործադրմամբ իր տուն է տեղափոխել Նաիրա Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն, օրեր շարունակ նրանց պատանդ է պահել եւ նրանց ազատ արձակելու պայմանով Նաիրա Հարությունյանի հորից՝ Ս. Հարությունյանից 600.000ՀՀ դրամ պահանջել, ստանալով 540 000 ՀՀ դրամ`պատանդներին ազատել է:

Ավելի ուշ Հ.Գեւորգյանը եւ Գ.Հարությունյանը բերման են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Հրաչյա Գեւորգյանը, գտնվելով ազատազրկման վայրում, Ս. Հարությունյանին սպառնացել է, որ կհրապարակի դստեր մերկ լուսանկարները, կամ կվնասի դստերը եւ թոռնիկին, նրանից պահանջել եւ ստացել է ընդհանուր 1.472.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար: 2015թ. նոյեմբերին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել՝ Հրաչյա Գեւորգյանին դատապարտելով 8 տարվա, իսկ Գարիկ Հարությունյանին 6 տարի 8 ամսվա ազատազրկման: Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:

Գործն այժմ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում է: Հրաչյա Գեւորգյանը եւ Գարիկ Հարությունյանը դժգոհ են առաջին ատյանի դատարանի որոշումից, Վերաքննիչից պահանջում են բեկանել վճիռը, իրենց անմեղ հռչակել կամ գործն ուղղարկել նույն դատարան՝ նոր քննության, կամ սահմանել փորձաշրջան: