Հրազդանցիներն են որոշելու, թե ով է լինելու Հրազդանի հաջորդ քաղաքապետը, բացառապես հրազդանցիները։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հրազդանի քաղաքապետի՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Արթուր Միսակյանը։
«Մենք՝ որպես թեկնածուներ, մեր գործն արդեն արել ենք: Մեր ծրագրերը հնարավորինս փորձել ենք հասցնել մեր ընտրողներին, հիմա ընտրությունը նրանցն է»,- նշել է նա։
Անդրադառնալով ընտրությունների ընթացքին, Միսակյանն ընդգծել է, որ թեեւ որոշակի խնդիրներ առաջացել են, բայց դրանք հնարավորինս արագ հարթվել են. «Այս պահի դրությամբ, կարծեք թե, ամեն ինչ կարգին է: Ես ակնկալում եմ, որ այսուհետեւ նույնպես կարգին կլինի, որովհետեւ, վերջիվերջո, հրազդանցին պետք է իր խղճի ու համոզմունքի մտոք իր ընտրությունն անի: Որեւէ մեկն իրավունք չունի մարդուն ուղղորդելու, մոտենալու կամ այլ խոչընդոտներ առաջացնելու»,-ասել է նա։
Նշենք, որ Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում այսօր՝ ապրիլի 17-ին, վաղ առավոտից ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը:





























