Սպիտակի քաղաքապետի ընտրություններին սպիտակցիներն առանձնակի ակտիվությամբ են մասնակցում, սակայն, նրանք որքան ակտիվ էին ընտրատեղամաս գալու հարցում, նույնքան պասիվ են ընտրական գործընթացի ու թեկնածուների մասին կարծիք արտահայտելու հարցում:

«Մասնակցում եմ մեր քաղաքի հաջողության ակնկալիքով: Ընտրում ենք մեր քաղաքապետին, որ սպիտակցուն օգտակար լինի, մեր ժողովրդի կողքին ըլնեն, ավելորդ ոչ մի բան: Մենակ բարի ըլնի, մեր ժողովուրդը դիմի՝ հնարավորության սահմաններում օգտակար ըլնի»,- ասում է ընտրական պարտքը կատարած Սպիտակի բնակիչ Գոհար Միքայելյանը:

Իսկ 64-ամյա Ժորա Հովհաննիսյանը, ով ինչպես ինքն է ասում, երկու թեկնածուների աշխատանքն էլ տեսել է, հույս ունի, որ ընտրյալ քաղաքապետը կաշխատի ու կկատարի ժողովրդի պահանջները: Այն, որ երկու թեկնածուներն էլ նույն՝ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են, սպիտակցիներին քիչ է հուզում:

«Մարդս մարդ ըլնի, ինչ կապ ունի կուսակցությունը»,- ասում է 64-ամյա բնակիչը:

 27 տարի տնակում ապրող Ռուբիկ Դավթյանն էլ վստահ է` այս ընտրություններից հետո ամեն ինչ լավ է լինելու, նորընտիր քաղաքապետն իրեն անպայման բնակարան կհատկացնի.« 27 տարի ա՝ ապրում ենք Իտալական թաղամասում, հիմա գոնե մի բան կըլնի: Գիտեմ ում եմ ընտրել, ով ա մեր թիկունքին կանգնած»:

Նշենք, որ Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում այսօր՝ ապրիլի 17-ին, վաղ առավոտից ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Սպիտակում քաղաքապետի թեկնածուները երկուսն էլ գործող Հանրապետական կուսակցությունից են ՝ գործող համայնքապետ Գագիկ Սահակյանը եւ Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը: Գագիկ Սահակյանը ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի եղբայրն է։