Ապրիլի 1-ին Ադրբեջանի կողմից ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ուղղությամբ ձեռնարկված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով գյուղից տարհանված եւ ժամանակավորապես Հայաստանում հաստատված բնակիչներին աջակցելու նպատակով Թալիշ հիմնադրամի հաշվեհամարին վերջին օրերի ընթացքում փոխանցվել է 528 հազար դրամ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խալափյանը:

«Այդ գումարը դեռ չենք շտապում ծախսել, նախ առաջնահերթությունները պետք է գնահատենք, տեսնենք` ով ինչի կարիք ունի»,- ասաց նա:

Նրա խոսքով` հայրենի տուն ու տեղը թողած, գյուղից ձեռնունայն հեռացած թալիշցիներն այսօր ցանկացած տիպի աջակցության կարիք ունեն` սկսած բնակության վայրի, վերջացրած առողջական խնդիրների, դեղորայքի ձեռքբերման, կենցաղային տարրական պայմանների հետ կապված հարցերով:

«Ընտանիքներ կան, որ 10-12 անձով մեկ սենյականոց բնակարանում են ապրում, կան, որ աշխատանքի խնդիր ունեն: Քաղցկեղով հիվանդներ կան, որ  անհրաժեշտ դեղորայքը չեն կարողանում ձեռք բերել»,- նշեց Մելիտա Խալափյանը:

Նրա խոսքով` այս օրերին թալիշցիներին օգնության ձեռք են մեկնել ինչպես անհատներ, այնպես էլ կազմակերպություններ:

«Հագուստ, սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր են ուղարկել: Պատահել է`  զանգել-առաջարկել են 1-2 ընտանիքի օգնել, ասենք` բազմազավակ ընտանիքների երեխաների խնամակալությունն իրենց վրա վերցնել, կամ ժամանակավոր կացարանով ապահովել: Չորս թալիշցի, որ հոգեկան խնդիրներ ունեին, արդեն տեղավորվել են հիվանդանոցում, անհրաժեշտ բուժումներ են ստանում»,- իրավիճակը ներկայացրեց Մելիտա Խալափյանը:

Գյուղ վերադառնալու մասին մտածելը, նրա խոսքով, դեռ վաղ է. Նրանցից ոմանք գնացել տեսել են` գյուղն ամբողջությամբ ավերված է, հոսանքալարերը` կտրված, բջջային կապն ապահովող ալեհավաքները` ոչնչացված:

«Երբ խաղաղություն հաստատվի, կգնանք էլի մեր գյուղում կապրենք: Երբ մեզ երաշխիք կտան, որ մեր սահմանում համարժեք տեխնիկա կա, երբ սահմանը պահող զինվորը համապատասխան սպառազինություն կունենա, այդ ժամանակ կվերադառնանք ու կշենացնենք նորից մեր Թալիշը»,- նշեց Մելիտա Խալափյանը:

Թալիշցիներին աջակցելու նպատակով Հայբիզնեսբանկի կենտրոնական մասնաճյուղում Թալիշ հիմնադրամի նախագահ Միքայել Ապրեսյանի անվամբ բացվել են հաշվեհամարներ`

11500303610600 ՀՀ դրամ,

11500510129601 ԱՄՆ դոլար,

11500452455504 Եվրո,

11500447476958 ՌԴ ռուբլի: