Ժամանակն է, որ կարողանանք գնահատել իրավիճակը, եւ եթե այսօր կա քիչ թե շատ ադեկվատ իշխանություն, որը մտածում է պետության ու ժողովրդի մասին, ապա այն պարտավոր է անել հստակ քայլեր անել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նա, մասնավորապես, առաջարկում է անել հետեւյալ քայլերը.
«Քաղաքական ասպարեզ։
1. Ճանաչել ԼՂՀ-ն։
2. Ադրբեջանի ԵՏՄ-ին անդամակցելու պարագայում լուծել ԵՏՄ-ից դուրս գալու հարցը (ի՞նչ է մեզ տալիս մի միություն, որի 6 անդամներից 3-ը, Ղազախստան, Ղրղզստան եւ Ադրբեջան, բոլոր հարցերում մեզ դեմ են լինելու)։
3. Անցկացնել թափանցիկ ընտրություններ։
Տնտեսական ասպարեզ։
Հրատապ
1. Ապրանքների ներկրումն ու մաքսազերծումը կազմակերպել պայմանագրային գներով, դադարեցնել հսկիչ գներ կիրառելու պրակտիկան։
2. Անցնել դրամի ազատ փոխարժեքի, էներգետիկ փոխանցումներն անել ստերիլիզացված կուրսով։
3. Շտապ սկսել բանակցություններն Իրանի հետ գազամատակարարման հարցերով, դադարեցնել ՀՀ ազգաբնակչության տեռորը գազի գնի իջեցման մասին սուտ տեղեկատվությամբ։
4. Հանդես գալ հայտարարությամբ մենաշնորհների դադարեցման վերաբերյալ։
5. Դադարեցնել անիմաստ վարկեր վերցնելը, Հյուսիս-Հարավ շինարարությունը այսօրվա տարբերակով (ամեն անգամ Արցախ գնալիս «համոզվում ենք» այդ շինարարության «արդյունավետության» մեջ)։
Երկարատեւ տնտեսական բարեփոխումները կանի այն ուժը, որը կստանա ժողովրդի քվեն թափանցիկ ընտրությունների արդյունքում։




























