Բելառուսական «Բելսաթ» հեռուստաալիքում աշխատող լրագրողը կարել է սեփական բերանը՝ ի նշան դատական հետապնդման դեմ բողոքի: Գոմելի դատարանը լրագրողի 7.5 մլն ռուբլու՝ շուրջ 250 եվրոյի չափով տուգանել է: Տուն վերադառնալուց հետո նա կարել է իր բերանը:

Այս կերպ Կոնստանտին Ժուկովսկին փորձում է ուշադրություն հրավիրել Բելառուսում խոսքի ազատության խնդրի ուղղությամբ: Ժուկովսկին յոթերորդ անգամ է տուգանվում, իբր, «լրատվամիջոցի համար ապօրինաբար արտադրանք պատրաստելու համար»: Ընդհանուր առմամբ, լրագրողը տուգանվել է 3.5 հազար եվրոյի չափով: Նա աշխատում է «Բելսաթ» հեռուստաալիքում, որը հեռարձակվում է Վարշավայից:

«Լեհաստանի ռադիո»-ի փոխանցմամբ, Բելառուսի տարածքում աշխատելու համար նա պետք է ԱԳՆ-ից հավատարմագիր ստանա, սակայն աշխատում է առանց դրա: «Բելսաթ»-ը բազմիցս բելառուսական իշխանություններին կոչ է արել հավատարմագրել իր լրագրողներին, բայց միշտ՝ ապարդյուն: