Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածու Արամ Դանիելյանի մրցակիցները ունեն գեթ մեկ իրեղեն ապացույց, որը կֆիքսի ընտրակաշառքի բաժանման պահը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը նույնպես այցելել էր Հրազդան։
«Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարեց, որ թեկնածուի կողմից 200-400 հազար ընտրակաշառք է բաժանվել, մեղադրեցին, որ տասը հազար դրամ է բաժանվում։ Ըստ մեր ընդդիմախոսների՝ թիվը պետք է հասներ 15 հազար մարդու։ Որեւէ մի հոգի, որեւէ լրատվամիջոց չունի ձայնա կամ լուսա ապացույց, այն դեպքում, որ պնդում են, որ 15 հազար ձայն է գնվել, որ Հրազդանի բնակիչների ճնշող մեծամասնությունն էլ իրենց համակիրներն են ու կրկնակի անհասկանալի է, թե ինչու պոտենցիալ կաշառքի դեպքերից ոչ մեկը չի հայտնվել լրահոսում։ Սա հերյուրանք ենք համարում, ընթացքը վարկաբեկելու անհաջող փորձ»,-ասել է Աշոտյանը։
Անդրադառնալով փաստին, որ տարբեր քաղաքներից, մասնավորապես, Աբովյանից Գագիկ Ծառուկյանի ավտոբուսներով քաղաքացիների են բերել Հրազդան, Աշոտյանը նկատեց. «Դրսից եկած ոչ մի մարդու հետ կապված չկա քվեարկության ահազանգ, որը կփաստեր, որ Երեւանից, Արտաշատից կամ որեւէ այլ տեղից ժամանած մարդիկ քվեարկել հրազդանցիների փոխարեն»։
Նրա խոսքով, ՀՀ քաղաքացիները ազատ են տեղաշարժվելու ու կարող են այցելել ցանկացած քաղաք ցանկացած պահի, ցանկացած տեղափոխադրամիջոցով՝ «դա կլինի Գագիկ Ծառուկյանին պատկանող ավտոբուս, թե այլ մեքենա»։
Հրազդանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Արթուր Միսակյանը:





























