Լոռու մարզի Սպիտակ քաղաքում քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալներով հաղթողը գործող համայնքապետ ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանն է, նա այս պահի դրությամբ ունի 4463 ձայն, իսկ նրա մրցակից Վանիկ Ասատրյանը` 2933 ձայն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Բարսեղ Մակասյանը:
Նշենք, որ Սպիտակի քաղաքապետի ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 7664 ընտրող կամ ընտրողների ` 57.72 տոկոսը: Սպիտակում ընտրողների ընդհանուր թիվը 13 հազար 278-ն է:
Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում այսօր՝ ապրիլի 17-ին, վաղ առավոտից ընթանում էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Սպիտակում քաղաքապետի թեկնածուները երկուսն էլ գործող Հանրապետական կուսակցությունից են ՝ գործող համայնքապետ Գագիկ Սահակյանը եւ Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը: Գագիկ Սահակյանը ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի եղբայրն է։
ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել ընդհանուր առմամբ 33 համայնքներում։





























