Ճապոնիայի հարավ- արեւմուտքում երկրաշարժների հետեւանքով տուժածների թիվը հասել է 1094 –ի, հայտնել է «Կիոդո» գործակալությունը՝վկայակոչելով ոստիկանության տվյալները:
Միայն Կումամոտո պրեֆեկտուրայում, որն ամենշատն էր տուժել ստորգետնյա ցնցումներից, տուժածների թիվը հասել է 1037-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ապրիլի 14-ի երեկոյան Կյուսյու կղզում մի շարք երկրաշարժեր են գրանցվել՝ առաջացնելով տների ու կամուրջների զանգվածային փլուզումներ, սողանքներ, վնասելով ավտոմոբիլային ու երկաթգծային ճանապարհները: NHK հեռուստաալիքի տվյալներով, ընդհանուր առմամբ արձանագրվել է մոտավորապես 500 ստորգետնյա ցնցում:
Միայն Կումամոտոյում ամբողջովին փլվել է մոտավորապես 400 տուն, մասամբ վնասվել 1262 շինություն: Զոհվել է ավելի քան 40 մարդ:
Երկրաշարժը, որի էպիկենտրոնը Կումոմոտո քաղաքի մոտ էր, հզորագույնն էր Ճապոնիայում 2011-ից հետո, երբ 15 մետրանոց հսկայական ալիք էր փլուզվել «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վրա՝ առաջացնելով խոշորագույն ատոմային վթարը Չեռնոբիլի ողբերգությունից հետո: Փլուզումների ու ցունամիի հետեւանքով այն ժամանակ զոհվել ու անհետ կորել էր մոտավորապես 20 հազար մարդ:





























