Արագածոտնի մարզի Թալիի քաղաքապետի ընտրություններում, պաշտոնական տվյալներով, հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի թեկնածու Սարգիս Արամյանը: Նա ստացել է 1993 ձայն (60 տոկոս): Նրա հիմնական մրցակից, ՀՅԴ-ական Տիգրան Հարությունյանը (ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի բաջանաղն է) ստացել է 1036 ձայն (31 տոկոս):  «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը ստացել է 168 ձայն (5 տոկոս): Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Անվավեր է ճանաչվել 70 քվեաթերթիկ:

Նշենք, որ Թալինի քաղաքապետի ընտրություններում 5 296 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 3 305 ընտրող: Այսինքն մասնակցությունը կազմել է 62 տոկոս:

Թալինում քաղաքապետի պաշտոնին են հավակնում գործող քաղաքապետ  ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ական թեկնածու Տիգրան Հարությունյանը, «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում ապրիլի 17-ին տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվել Արագածոտնի մարզի Թալին, Վերին Սասնաշեն, Արարատի մարզի Արեւշատ, Դվին, Մրգավետ, Շահումյան, Ռանչպար, Աղավնատուն, Այգեկ, Այգեւան, Առատաշեն, Գայ, Գրիբոյեդով, Մրգաշատ, Նորավան, Ջրարբի, Փշատավան, Գեղարքունիքի մարզի Այրք, Զոլաքար, Լոռու մարզի Դաշտադեմ, Խնկոյան, Սարամեջ, Սարչապետ, Սպիտակ, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Հատիս, Հրազդան, Սեւաբերդ, Քանաքեռավան, Սյունիքի մարզի Արծվանիկ, Խնձորեսկ, Վարդավանք, Վայոց ձորի Գետափ համայնքներում, ընդ որում` իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնում է 34 թեկնածու, «Հայկական վերածնունդը»` 3 թեկնածու, իշխանական Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` 2 թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիրը»` 1 թեկնածու, անկուսակցական է` 20 թեկնածու: