Ադրբեջանական կողմը դիտմամբ սրում է հույզերը, որպեսզի շեղի ուշադրությունը սեփական հանցագործություններից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Մեկնաբանելով պաշտոնական Երեւանի հասցեին Բաքվի հնչեցրած մեղադրանքները՝ Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ բանակցող կողմը պետք է լինի Ստեփանակերտը, եւ եթե Բաքուն ինչ-որ հարցեր ունի, ապա լավ կանի ճիշտ հասցեով հղի դրանք։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից զոհերի մարմինների որոնման եւ հանձնման գործընթացի կապակցությամբ հնչեցրած մեղադրանքներին՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ դրանով Բաքուն փորձ է անում շեղել միջազգային հանրության ուշադրությունը ադրբեջանցի զինվորականների կողմից կատարած հանցագործություններից։

«Հաստատվել են Ադրբեջանի կողմից հանձնված ԼՂՀ ՊԲ զինծառայողների մարմինների դիակապտության եւ անարգելու փաստերը։ Փորձաքննություն է ընթանում, որը կպարզի, թե խոշտանգումներն իրականցվել են կենդանությա՞ն օրոք, թե՞ մահից հետո։ Ուշադրություն շեղելու համար ադրբեջանական կողմը փորձում է պատասխան մեղադրանքներ հնչեցնել եւ սրել վիճակը։ Դա հերթական անգամ ընդգծում է, որ մենք գործ ունենք ոչ ադեկվատ պետության  հետ։ Պետությունը, որն իր քաղաքականությունն ատելության վրա է կառուցում, խղճահարության է արժանի։ Չեն հասկանում, ինչ են անում։ Նման պետությանը տխուր վախճան է սպասում»,- ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը։