Հայաստանի գլխավոր հարմադիր կատարող Միհրան Պողոսյանի հրաժարականը պատահական չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
«Լրագրողների բացահայտումների եւ իշխանության գործողությունների համատեքստում այդ հրաժարականը պատահական չի կարող լինել»,-ասաց պատգամավորը: Նրա պնդմամբ` դա կապ չունի քառօրյա պատերազմի շրջանի հետ, որը համընկավ Միհրան Պողոսյանի շուրջ օֆշորային սկանդալին: Ըստ Հակոբյանի, եթե պատերազմի հետ չհամընկներ, երբ մարդիկ այդ սկանդալային բացահայտումն էին մատնացույց անում, նշելով, որ այդ գումարներով կարելի էր զենք գնել, դարձյալ այդ հրաժարականը կլիներ:
«Ես հստակ ասեմ` մեկը մյուսի հետ կապ չունի, դրանք անկախ պրոցեսներ են, միաժամանակ հասարակության եւ իշխանության վերաբերող պրոցեսներ են, այսինքն` ասել, որ մեկը կապված է մյուսի հետ, ճիշտ չէ»:,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ այդ քայլերը իշխանությունը վաղուց էր սկսել: «Սերժ Սարգսյանը շուրջ տասնյակ կարեւոր պետական պաշտոնյաների փոխեց: Դրա համար եմ ասում` իշխանությունը դա վաղուց էր անում»,-ընդգծեց նա:





























