ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, որ նախագահի «ուղիղ գծի» պատրաստության ժամանակ թույլ տված սխալի համար «իր ճաշը կերել է»։ Նրա թույլ տված սխալի պատճառով Վլադիմիր Պուտինին սխալ տեղեկություն էին հայտնել գերմանական Sueddeutsche Zeitung թերթի սեփականատիրոջ մասին։

«Ճաշս կերա»,- ասել է Պեսկովը՝ «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչպես է այդ սխալին արձագանքել նախագահը։ Պեսկովը նշել է, որ դեռ չգիտի, իրեն նկատողություն կտան դրա համար, թե ոչ։ «Ես ոչ ոքի չէի ցանկանա արժանանալ նախագահի քննադատությանը»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Պուտինի խոսնակը ներողություն էր խնդրել Sueddeutsche Zeitung թերթից նրա սեփականատիրոջ մասին սխալ տեղեկություն տրամադրելու մասին։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ՌԴ քաղաքացիների հետ «ուղիղ գծի» ժամանակ Պուտինն անդրադարձել էր «պանամական փաստաթղթերին»՝ ասելով, որ դրա պատվիրատուի ականջներն ամենուր երեւում են։ Նրա խոսքով՝ փաստաթղթերը հրապարակած Sueddeutsche Zeitung-ը իբր թե պատկանում էր ամերիկյան Goldman Sachs բանկին։

Դրանից հետո Sueddeutsche Zeitung-ը հայտարարել էր, որ թերթը Sueddeutscher Verlag ընկերության 100-տոկոսանոց  դուստր ձեռնարկությունն է եւ ամերիկյան բանկի հետ ոչ մի անմիջական կամ ոչ անմիջական կապ չունի։