Ռուսները դեղին քարտ ցույց տվեցին Հայաստանի Հանրապետության իշխանություններին: Այս մասին այսօր` ապրիլի 18-ին, ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին այլախոհ Ազատ Արշակյանը:
«Հայ ժողովուրդը հաշիվը փակեց, բայց նրանք դժգոհ էին մեր իշխանություններից, իշխանություններին պատժեցին: Նրանք հո դիրքերում գտնվող զինվորին չէին հասցեագրում իրենց դիվանագիտական ու քաղաքական քայլերը, դա ՀՀ իշխանությունների դեմ էր»,- նշեց Ազատ Արշակյանը:
Նա նկատեց, որ քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը կարող էր խուսափել մարդկային մեծաթիվ կորուստներից, եթե մեր բանակը զինված լիներ արդիական զենքով: «Մեր մասնագետներն ասում են, որ մի քանի հարյուր դոլարով կարող են անօդաչու թռչող սարք պատրաստել, բայց ինչ-որ մարդկանց անպատասխանատու վերաբերմունքի պատճառով Հայաստանի բանակը մնացել էր օդից անպաշտպան: Ասում են` հաղթեցինք, իսկ ես ասում եմ` ես պարտված եմ, որովհետեւ 94 թ-ին իմ գրաված, իմ արյունը թափած տարածքներից մեկ միլիմետր մենք հանձնել ենք»,- նշեց Արշակյանը:
Ազատ Արշակյանի խոսքով` հայկական բանակը անհրաժեշտ զինատեսակներով զինելուց զատ անհրաժեշտ է այն ապահովել նաեւ դաշտային ճաշարաններով եւ շարժական բաղնիքներով:
«Հազարավոր զինվորականներ դաշտերում են` զորանոցներից դուրս, մինչդեռ ոչ մի դաշտային ճաշարան չկա. չէր կարող լինել, որովհետեւ դրան պատրաստ չէինք: Բանակում շարժական բաղնիքներ չկան, մինչդեռ մարդիկ կան, որ 15-20 օր դիրքերում են. դուք պատկերացնո՞ւմ եք 20 օր տաք ջուր չտեսած մարդու»,- ասաց Ազատ Արշակյանը:
Նա ընդգծեց, որ քառօրյա պատերազմը մեկ անգամ եւս ապացուցեց , որ հայ ժողովուրդը զրպարտված է եւ ժամանակն է, որ ստեղծվի համահայկական հակազրպարտիչ կազմակերպություն:
«Հրեաներն ունեն մի կազմակերպություն, որը հայտնաբերում է ծպտված հակասեմիտներին, քսենոֆոբներին եւ նրանց պատժում: Ժամանակն է, որ մենք էլ նման կազմակերպություն ունենանք: Կան մեզ թշնամի ուժեր` Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք ուզում են ոչնչացնել մեզ, եւ կան «օգտակար իդիոտներ», որ որեւէ շահագրգռվածություն չունենալով, նրանց օգնում են: Հակազրպարտիչ կազմակերպությունը պետք է գաղափարական պայքար մղի թե՜մեր թշնամիների, թե՜ այդ «օգտակար իդիոտների» դեմ»,- նշեց Արշակյանը:





























