Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ նախորդ տարվա սեպտեմբերին նախկին ամուսնու կողմից դանակի 30 հարվածով սպանված Հեղինե Դարբազյանի 12-ամյա դուստրն այսօր` ապրիլի 18-ին, Մալաթիա եւ Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունքում նշել է, որ իր հայրը պարբերաբար ծեծել է իրեն, եղբորն ու սպանված մորը:

«Չեմ սիրում իրեն, քանի որ անընդհատ, ամեն օր ծեծում էր մեզ, չէր թողնում, որ խոսենք, խաղանք: Ամեն ստից բանից ծեծում էր: Օրինակ , երբ մենք ուզում էինք գնայինք գյուղ, մամային ծեծեց, ուզում էր գցեր կանալը: Չէր թողնում, որ մամայի հարազատների հետ շփվենք, ոչ էլ իր հարազատների հետ: Ընդամենը ամիսներ առաջ եմ ճանաչել պապայիս հորն ու մորը: 2015թ. մայիսին բաժանվեցինք նրանից, գնացինք առանձին ապրելու: Մաման առանց ասելու մեզ վերցրեց ու գնացինք տնից: Պապան մամային ասում էր` գալու եմ տուն աչքերդ ճմռելու եմ, որ չհելնես դուրս«- ասաց 12-ամյա Էլեն Առաքելյանը՝ հավելելով, որ վատ են ապրել, մոր ընկերուհիներն են օգնել, պարտքով փող են տվել:

Էլեն Առաքելյանի խոսքով, 2015թ.  մայիսին, մայրը բաժանվել է հորից, սկսել է աշխատել «Մալաթիա» տոնավաճառում, որպեսզի կարողանա պահել իրենց: Այդ ընթացքում հայրը՝ Արտակ Առաքելյանը, անընդհատ զանգել է Հեղինեին եւ սպառնացել նրան.«Մամային ասել էր ես գործ չունեմ քո պարտքերի հետ,  ինչ ուզում  ես արա` դու քո խանութը: Մաման ոստիկանություն էր դիմել, բայց էլի գալիս էր մամայի խանութ, ասում էր փող տուր ինձ, խանութն իմն ա, վեշն իմն ա: Մի անգամ խփեց մամայի քիթը ջարդեց, հաջորդ օրը ոստիկանություն էր եկել: Մամային ասաց, եթե ասես, որ ես եմ քեզ խփել` կսպանեմ, մաման էլ  խաբեց, ասաց, որ  ընկել է: Մամային քացով խփում էր, մաման ոչինչ չէր անում: Երբ բաժանվելուց հետո ապրում էինք պապիկենց տանը, զանգում անհանգստացնում էր, վեշի կռիվ էր անում, մաման ասում էր վերցրու, սաղ քեզ եմ տալիս, մենակ հանգիստ թող»,-պատմեց երեխան:

Էլեն Առաքելյանը նաեւ տեղյակ էր, որ իր հայրն ու մայրը գումար են պարտք եղել ազգությամբ ադրբեջանցի, Թուրքիայում բնակվող ոմն Նադիկի: «Թուրքի պարտքեր ունեինք, անունը Նադիկ էր, երբ մաման փող էր ունենում եւ ուզում էր տալ, պապան ասում էր` մի տուր, հետո կտանք: Նադիկը մամային էր զանգում սկայպով, որ պարտքն ուզի, պապան էլ ասում էր՝ արի թուրքն ա զանգել, տես ինչ ա ասում: Հետո մամային սկսել էր խանդել, որովհետեւ, մի անգամ «Օդնոկլասնիկիով» մամային նամակ էր գրել` «Люблю и уважаю» բովանդակությամբ, ես էլ տեսել էի: Հետո մամայի հետ կռվել էի ու պապային էի պատմել, դրանից հետո մամային սկսել էր ավելի շատ խանդել: Ասում էր գիտեմ, որ թուրքի հետ ես եղել»,-ասաց վկան:

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը  խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:

Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում: