Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մոտ նախորդ տարվա սեպտեմբերին նախկին ամուսնու կողմից դանակի 30 հարվածով սպանված Հեղինե Դարբազյանի վարագույրի խանութի հարեւանությամբ գտնվող խանութի տերը բղավոցներ լսելուց հետո դուրս է եկել եւ տեսել արյունոտ ձեռքով, դանակը ձեռքին ամբաստանյալ Արտակ Առաքելյանին: Այս մասին այսօր` ապրիլի 18-ին, Մալաթիա եւ Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունքում ասաց գործով վկա Նշան Քեշիշյանը:

«Հեղինեի վարագույրի խանութը եղել է իմ խանութի մոտ: Մինչեւ դեպքի օրը չեմ ճանաչել Արտակին, ոչ էլ տուժողին եմ ճանաչել: Հեղինեն  իմ աշխատակցի հետ էր մոտ, մի երկու անգամ մտել է մեր խանութ: Դեպքի օրը աղմուկ լսեցի, թվաց` սովորական աղմուկ է, հետո գնալով ավելի բարձրացավ, աշխատակիցս գնաց տեսնելու: Ուշացավ, ես էլ դուրս եկա, տեսա դռնից ամբաստանյալը դուրս եկավ, ձեռքերն արյունոտ, ասում էր` ես գիտեմ ինչի համար եմ արել, ինչի եմ սպանել: Ձեռքինը  կենցաղային դանակ չէր, ավելի շատ որսորդական էր: Իր ձեռքն էլ էր վնասված, տուժողը երեւի դիմադրել էր: Ուզում էին իրան բռնել, որ չփախչի,  ասում էր` ես չեմ փախչում, ես գիտեմ ինչ եմ արել ու ինչի համար»,-պատմեց վկան:

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 15.00-ին սահմանում «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն էր տեղի ունեցել: 38-ամյա Հեղինե Դարբազյանը մահացել էր ստացած` դանակի 30-ից ավելի հարվածներից: Սպանությունը գործելու մեղադրանով կալանավորվել է կնոջ նախկին ամուսինը` 40-ամյա Արտակ Առաքելյանը, որը  խոստովանել է, որ կնոջը սպանել է խանդի հողի վրա:

Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել): Նրան մինչեւ 20 տարի ազատազրկում է սպառնում: