ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով` Գեղարքունիքի, Արմավիրի եւ Արարատի մարզերում գործող մի շարք տնտեսավարող սուբյեկտներում իրականացվում են անասնահամաճարակային մշտադիտարկումներ՝ վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովությունը պարզելու նպատակով:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մշտադիտարկումներն անցկացվում են նաեւ կանխարգելիչ եւ բուժիչ միջոցառումների իրականացումը, ձկան եւ ջրային կենդանիների ու դրանցից ստացված արտադրանքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը, սանիտարական կանոններին եւ հիգիենիկ նորմերին համապատասխանությունը պարզելու նպատակով:

Ծառայության պետ Արմեն Հայրապետյանն օրերս շրջայց է կատարել Արմավիրի, Արարատի եւ Գեղարքունիքի մարզերի խեցգետնի արտադրությամբ զբաղվող 11 ընկերություններում՝ մշտադիտարկման ընթացքին տեղում ծանոթանալու ու հնարավոր խախտումների ու թերացումների շտկմանն աջակցելու նպատակով:

ՍԱՊԾ ղեկավարը նաեւ տնտեսավարողների հետ քննարկել է արտադրությանն ու արտահանմանը, մակնշմանն ու փաթեթավորման ամբողջականությանն  առնչվող հարցեր՝ կարեւորելով անվտանգության նորմերի, ինչպես նաեւ տեխնոլոգիական հրահանգների պահպանումը: Տնտեսավարողներին ներկայացվել են նաեւ Հայաստանի Հանրապետությունում, ԵՄ-ում եւ ԵՏՄ-ում գործող անասնաբուժական եւ անասնաբուժասանիտարական նորմերն ու պահանջները:

Նշվել է, որ այսօրինակ մշտադիտարկումներն ուշադրության առանցքում կպահեն  իրացվող եւ արտահանվող խեցգետնի  որակն ու անվտանգությունը, ինչը կնպաստի առանց խոչընդոտների հայկական խեցգետինն արտահանել ԵՄ եւ ԵՏՄ տարածք: