Թաիլանդում ջրային Սոնգկրանի փառատոնի տոնակատարության շաբաթվա ընթացքում, որը երկրում նշանավորում է Նոր տարվա սկիզբը, մահացու ելքով ՃՏՊ-ների ռեկորդային բարձր քանակություն է արձանագրվել: Այդ մասին երկուշաբթի մամուլի ասուլիսին հայտնել է ներքին գործերի նախարար Անուպոնգ Պաոչինդան։
Թագավորության գլխավոր տոներից մեկի առիթով ապրիլի 13-ից 17-ը համազգային հանգստյան օրեր էին հայտարարվել: Սակայն Թաիլանդի շատ բնակիչներ իրենց համար մեկշաբաթյա արձակուրդ էին կազմակերպել դեռեւս անցյալ երկուշաբթիից: Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ յոթ օրվա ընթացքում ճանապարհներին 3 447 վթար է տեղի ունեցել, որոնց հետեւանքով 442 մարդ է զոհվել, 3 656-ը վիրավորվել է: «Դեպքերի մեծամասնությունում ՃՏՊ-ի պատճառ է դարձել անսթափ վիճակում վարելը կամ արագության գերազանցումը», - հայտնել է Անուպոնգ Պաոչինդան: Ներքին գործերի նախարարը նաեւ արձանագրել է, որ անցյալ տարի Սոնգկրանի շաբաթվա տոնակատարության ընթացքում թագավորության ճանապարհներին մահացու դեպքերի քանակը գրեթե 20 տոկոսով պակաս էր:
Թաիլանդի իշխանությունները չեն կարողացել վթարայնությունը նվազեցնել նույնիսկ անվտանգության արտակարգ միջոցների շնորհիվ, որ ձեռք էին առնվել տոնի նախօրեին: Ճանապարհներին լրացուցիչ հսկիչ անցակետեր էին տեղադրվել. Իսկ ոստիկանները Սոնգկրանի ընթացքում իրավունք էին ստացել անսթափ վարորդներից առգրավել ոչ միայն վարորդական իրավունքը, այլեւ փոխադրամիջոցը: Տեղական ԶԼՄ-ներում ակտիվորեն տեղեկություն է տարածվում, որ հարբած վիճակում մեքենա քշելու սիրահարները կդատապարտվեն հիվանդանոցային դիահերձարաններում ուղղիչ աշխատանքների:





























